Արցախցի դատավորները կենսաթոշակի հարցով անձամբ պաշտպանին պաշտոնական հանդիպման առաջարկով երբևէ չեն դիմել, ՄԻՊ աշխատակազմ հանդիպմանն առաջարկի վերաբերյալ ո՛չ գրավոր, ո՛չ էլ բանավոր դիմում չի ստացվել, հայտնում է ՀՀ ՄԻՊ լրատվության բաժինը՝ ի պատասխան «Հրապարակ» օրաթերթի այն հոդվածի, ըստ որի «ՄԻՊ-ը չի ընդունել արցախցի դատավորներին»։
«Մարդու իրավունքների պաշտպանին վերաբերելի հատվածը չի համապատասխանում իրականությանը: Հրապարակման մեջ նաև նշվել է, որ ՄԻՊ ընտրվելուց հետո Անահիտ Մանասյանն առաջին այցելություններից մեկը կատարել է Արցախ, «որտեղ նրան շատ ջերմ ընդունելության են արժանացրել»: Հարկ ենք համարում հավելել, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնն ստանձնելուց հետո Անահիտ Մանասյանը նման այց չի իրականացրել՝ ԼՂ մուտք գործելու անհնարինությամբ պայմանավորված»,- ասված է հայտարարությունում:
Նշվում է, որ մարդու իրավունքների պաշտպանն ու պաշտպանի ներկայացուցիչներն անձամբ են գտնվել Սյունիքում` Գորիսում և Կոռնիձորում, ինչպես նաև` Վայքում, այնուհետև անընդհատ այցեր են իրականացրել և իրականացնում ու հանդիպումներ են ունենում արցախցիների հետ` փորձելով լուծումներ գտնել նրանց իրավունքներին վերաբերելի խնդիրներին։
«Վերը նշվածի հաշվառմամբ՝ կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց և հրապարակելուց»,- ասված է հայտարարությունում։
Հունվարի 26-ին «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ արցախցի դատավորները դիմել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին` հանդիպման խնդրանքով, սակայն «վերջինս չի ընդունել նրանց, թեև շատերի հետ բավականին ջերմ հարաբերություններ է ունեցել»։