Արցախի խորհրդարանի խմբակցությունները ողջունել են հաջակցություն Արցախի՝ «Եվրոպացիները՝ հանուն Արցախի» հարթակի նախաձեռնությամբ հունվարի 27-ին և 28-ին եվրոպական 14 երկրների ավելի քան 50 քաղաքներում տեղի ունեցող միջոցառումները։ Հայտարարությունն ստորագրել են Արցախի Ազգային ժողովի չորս խմբակցություններ՝ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», Արցախի «Արդարություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն»:
Ուղերձում նշվում է, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները, արտահայտելով ծանր ու բարդ իրավիճակում հայտնված արցախահայության տրամադրությունները, բռնատեղահանված ժողովրդի անունից երախտագիտություն են հայտնում այն հոգատարության և աջակցելու պատրաստակամության համար, որ ցուցաբերում են հարյուրավոր եվրոպական կազմակերպություններ՝ Արցախին օժանդակելու նպատակի շուրջ օրակարգ ձևավորելու մեծածավալ աշխատանքի միջոցով:
«Մեծ եռանդով միանում ենք արդարացիորեն ցանկագրված այն հորդորներին ու պահանջներին, որոնք ուղղվել են ձեր նստավայր երկրների կառավարություններին ու համաեվրոպական ղեկավար կառույցներին: Խորապես համոզված ենք, որ համազգային համախմբումը և նրա սահմանների ընդլայնումը հայրենիքում պահանջված ու սպասվող աշխատանքի իրականացման հետ մեկտեղ կարող են ստեղծել այն նախադրյալները, որոնք անհրաժեշտ են մեր գլխավոր խնդրի՝ անվտանգության միջազգային երաշխիքներով Արցախի ժողովրդի հավաքական վերադարձն իրականացնելու համար»,- ընդգծում են Արցախի խորհրդարանի խմբակցությունները:
Նրանք հիշեցրել են, որ հազարամյա պատմություն ունեցող հայկական Արցախը, որը մշտապես դիմակայել է տարբեր հրոսակախմբերի ասպատակություններին, 21-րդ դարում, միջազգային իրավունքի անտեսման պայմաններում դեմ հանդիման կանգնեց ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից 2020թ. սեպտեմբերին պարտադրված պատերազմին, բազում զրկանքներ կրեց 9-ամսյա համընդհանուր շրջափակման օրերին և հրեշավոր ահաբեկչության ճանապարհով 2023թ. սեպտեմբերին ենթարկվեց էթնիկ զտման:
Իրականացվող ցեղասպանության ու դրա սպառնալիքի ներքո 120 հազար արցախցի հայեր ստիպված էին հեռանալ իրենց բնօրրանից՝ թողնելով նախնիների հարուստ պատմամշակութային ժառանգությունը, քրիստոնեական սրբավայրերը և սեփական օջախները: Մատնանշում են, որ հայերի հանդեպ Ադրբեջանի իշխանությունների ցեղասպանական քաղաքականությունը, ատելությունն ու թշնամանքը տասնամյակներ շարունակ իր արտացոլումն է գտել Սումգայիթից մինչև Մարաղա՝ հայաշատ բնակավայրերում տեղի ունեցած ջարդերի, ոճրագործությունների միջոցով:
Խմբակցությունները հավելում են, որ Եվրոպայի 14 երկրների 50-ից ավելի քաղաքներում ի աջակցություն Արցախի նախատեսվող միջոցառումները վերը նկարագրված աղետալի պայմաններում հույս ներշնչող բացառիկ ազդակներ են:
Հունվարի 8-ին Արդարության և ժողովրդավարության եվրոպական հայկական դաշնությունը (EAFJD) հայտնել էր, որ եվրոպական 14 երկրներում կանցկացվեն «Համաեվրոպական մոբիլիզացիա» կարգախոսով ակցիաներ՝ պահանջելով ազատ արձակել Բաքվում պահվող հայ բանտարկյալներին: