Դեկտեմբերի վերջի տվյալներով Արցախում առավելագույնը 15 մարդ է մնացել, որոնք ունեն ռուսական կամ այլ խառը ծագում, ընդ որում՝ ծերեր են, հաշմանդամներ, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով արցախյան իր աղբյուրներին:
Ըստ հրապարակման՝ ադրբեջանցիներ չեն հաստատվել Ստեփանակերտում, թեև ադրբեջանական քարոզչամեքենան հաղորդել էր, որ այնտեղ նախագահական ընտրությունների համար ընտրատեղամասեր են բացվել:
«Հավանաբար, Ալիևի ռեժիմը պատրաստվում է նոր բեմականացման, և Արցախում մնացած արցախցիների քվեարկության լուսանկարներով ուզում են աշխարհին մոլորեցնել, թե Արցախում բնակչություն կա և «Արցախն Ադրբեջան է»»,- գրել է թերթը։
Լրատվականը հիշեցրել է բռնի տեղահանումից հետո շրջանառվող թվերը, երբ հայակական կողմը նշում էր Արցախում մնացած 40 հայի մասին, իսկ ադրբեջանական կողմը՝ 100:
Սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության վրա հարձակման հետևանքով ԼՂ-ից ՀՀ է բռնի տեղահանվել 100 632 մարդ։ 2023թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունն ընդունել էր որոշում Արցախից բռնի տեղահանված բնակիչներին ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին, որով օրենքի ուժով նրանք դառնում են փախստական: