Կառավարությունում քննարկել են Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման հնարավորությունները, հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:
Կառավարության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ արցախցիներին բնակարանով ապահովելու հարցը քննարկվել է՝ հաշվի առնելով նաև տարածքային համաչափ զարգացման խնդիրը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև արցախցիների աջակցության ծրագրերը:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտնել է 112 հազար անձանց միանվագ 100 հազարական դրամ աջակցություն տրամադրելու մասին: Նա մանրամասնել է, որ կեցության և կոմունալ ծախսերի աջակցության 40+10 ծրագիրը 6 ամիսների համար է, որոնցից արդեն 3 ամիսներն անցել են: «Սա կշարունակվի մինչև մարտ ամիսը ներառյալ»,- ասել է Խաչատրյանը:
Կրթության ոլորտի առումով Խաչատրյանն ընդգծել է, որ բռնի տեղահանված 17 հազար աշակերտ ընդունվել է հանրակրթական դպրոցներ, պետությունը կրթաթոշակ է տալիս 4 հազար ուսանողի, ովքեր սովորում են մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Փոխվարչապետի խոսքով՝ թոշակների վճարման առումով աշխատանքները շարունակվում են: Նրա տեղեկացմամբ՝ կենսաթոշակառու կամ նպաստառու 20 հազար 656 արցախցիներից 11 հազար 800-ի կենսաթոշակներն արդեն վճարվում են:
«Վճարումները կատարել ենք հոկտեմբերից հաջորդող բոլոր ամիսների համար, ուղղակի, քանի որ դիմումները կառուցված են նաև հաշվառվելու մոտեցման վրա՝ պետք է անձը հաշվառվի և դիմում ներկայացնի: Սա պրոցես է, որը կշարունակվի մինչև բոլորի ամբողջական ներառումը համակարգում»,- ընդգծել է նա:
Խաչատրյանի խոսքով՝ նպաստների համար դիմած 2408 արցախցիներից 585-ի դիմումները հաստատվել են ու սկսել են ստանալ դրանք:
Խոսելով պետության կողմից արցախցիների զբաղվածության ապահոման հարցի մասին՝ փոխվարչապետը նշել է, որ 212 ուսուցիչներ գործուղվել են մարզեր, բուժաշխատողներից 202-ն աշխատանք են գտել տարբեր հաստատություններում: Նա ավելացրել է, որ 725 մարդ դիմել է մասնագիտական վերապատրաստման ծրագրերին մասնակցելու համար.
Խաչատրյանի տեղեկություններով՝ 2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով բռնի տեղահանված 10 հազար մարդ հաշվառվել է որպես վարձու աշխատող:
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Հայաստան բռնի տեղահանվածների թիվը գերազանցել էր 100 հազարը։ 2023 թվականի հոկտեմբերի 26-ին Հայաստանի կառավարությունը նրանց տվել էր փախստականի կարգավիճակին համարժեք պաշտպանության ժամանակավոր կարգավիճակ։