Ադրբեջանական սոցցանցային հարթակներում հրապարկված լուսանկարներում բացակայում է Արցախի Տիգրանակերտի մոտ գտնվող Վանքասարի եկեղեցու խաչը, հայտնում է «Հայքի մշակույթի օմբուդսմեն» ՀԿ ղեկավար Հովիկ Ավանեսովը:
«Այս եկեղեցին ևս Ադրբեջանի պետական քարոզչամեքենան ներկայացնում է որպես աղվանական։ Այս փաստը ևս մեկ անգամ վկայում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով բռնազավթված Արցախում իրականացնում է մշակութային ցեղասպանություն»,- ընդգծում է պատմաբանը։
Նա հիշեցրել է, որ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ՝ արգելվել են հայկական եկեղեցիների պղծման գործողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․»:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ էր սկսել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այդ ժամանակից ի վեր հանրապետությունում ավերվել են տասնյակ եկեղեցիներ, գերեզմանոցներ, տաճարներ և այլ ճարտարապետական հուշարձաններ։ 2020 թվականի դեկտեմբերին ոչնչացվել էին Թալիշի և Մատաղիսի հայկական հուշարձանները։ 2021 թվականին Ադրբեջանի իշխանությունները ավերել էին Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մանկավարժների պուրակը, Մակուն կամուրջը, դպրոցներ, հուշարձաններ, Հադրութի շրջանի 18-19-րդ դարերի Սուրբ Սարգիս եկեղեցին, Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը, վնասել Ս․ Աստվածածին եկեղեցին, ինչպես նաև հայկական գերեզմանոցներ Հադրութի շրջանի Սղնախ և Հին Թաղեր գյուղերում։ 2021 թվականից մինչև 2023 թվականը քանդել էին Իշխանագետի 1835 թվականի Հալիվոր կամուրջը, պղծել Հադրութի եկեղեցին։ Monument Watch-ը հունվարի 4-ին հայտնել էր նաև Արցախի Քաշաթաղի շրջանում Ադրբեջանի կողմից խաչքար-հուշաղբյուրի ոչնչացման, իսկ հունվարի 17-ին՝ Հաթերք գյուղի եղբայրական գերեզմանատան պղծման մասին։
Հոկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացման և մշակութային ցեղասպանության սպառնալիքի մասին՝ ի դեմս միջազգային հանրության անգործության: Նոյեմբերի 9-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ էր արել առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ պաշտպանելու հայկական մշակութային ժառանգությունը։