ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) 1 միլիոն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Նախարարությունը մանրամասնում է, որ ԼՂ-ից տեղահանված 19,300 անձ առաջնային մարդասիրական օգնություն կստանա ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի միջոցով, որն իրականացնում է «Դիմոքրըսի Ինթերնեյշնլ» կազմակերպությունը։
Նախարարությունից հավելում են, որ ծրագիրը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց տրամադրում է անհրաժեշտ մարդասիրական օգնություն՝ հիգիենայի պարագաներ, տաք հագուստ, պարենային և ոչ պարենային ապրանքներ ու այլ անհրաժեշտ պարագաներ: Աջակցության տրամադրումը մեկնարկել է 2023թ-ի դեկտեմբերին և կտևի 6 ամիս։ Աշխարհագրությունն ընդգրկում է Երևանը, Արարատի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերը։
Սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության վրա հարձակման հետևանքով ԼՂ-ից ՀՀ է բռնի տեղահանվել 100 632 մարդ։ 2023թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունն ընդունել էր որոշում Արցախից բռնի տեղահանված բնակիչներին ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին, որով օրենքի ուժով նրանք դառնում են փախստական: