Արցախում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ճակատագիրը վտանգված է, գրել է իտալական քրիստոնեական «Կաթոլիկների ալյանս» («Alleanza Cattolica») ասոցիացիան` անդրադառնալով Արցախում հայկական ժառանգության պաշտպանության խնդրին և այդ հարցում միջազգային հանրության անգործությանը։
«Հայկական եկեղեցիները, վանքերն ու գերեզմանատներն ադրբեջանական զորքերի կողմից կարող են ավերվել, նրանց մտադրությունները բազմիցս արտահայտվել են հենց նախագահ Ալիևի կողմից»,-ահազանգել է ասոցիացիան:
«Alleanza Cattolica»-ն հայտնել է, որ վերջին օրերին Կաթոլիկ դաշինքը նամակներ է փոխանակել Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպան Իլգար Մուխտարովի հետ՝ ուշադրությունը կենտրոնացնելով ԼՂ-ում տիրող իրավիճակի և երկրում կրոնական հանդուրժողականության վրա:
Ասոցիացիան հիշեցրել է, թե ինչպես են ադրբեջանցիները Նախիջևանում տասնյակ հայկական եկեղեցիներ ու վանքեր, միջնադարյան հազարավոր խաչքարեր ավերել։
«Նույն ճակատագրին արժանացան Արցախի բազմաթիվ հայկական եկեղեցիներ։ Ադրբեջանը ջնջում ու անվանանփոխում է հայկական եկեղեցիները, պատմությունը՝ փորձելով «նոր պատմություն» ստեղծել։ Ադրբեջանը ձգտում է վերացնել հայերի հազարամյա պատմությունը։ Քանի ուշ չէ՝ միջազգային հանրությունը պետք է միջամտի հայկական ժառանգության պաշտպանությանը»,- հավելել է ասոցացիան։
2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանն ավերել է Արցախի տասնյակ եկեղեցիներ, գերեզմանոցներ, տաճարներ և այլ ճարտարապետական հուշարձաններ։ 2020 թվականի դեկտեմբերին ոչնչացվել էին Թալիշի և Մատաղիսի հայկական հուշարձանները։ 2021-ին Ադրբեջանի իշխանությունները ավերել էին Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մանկավարժների պուրակը, Մակուն կամուրջը, դպրոցներ, հուշարձաններ, Հադրութի շրջանի 18-19-րդ դարերի Սուրբ Սարգիս եկեղեցին, Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը, վնասել Ս․ Աստվածածին եկեղեցին, ինչպես նաև հայկական գերեզմանոցներ Հադրութի շրջանի Սղնախ և Հին Թաղեր գյուղերում։ 2021 թվականից մինչև 2023 թվականը քանդել էին Իշխանագետի 1835 թվականի Հալիվոր կամուրջը, պղծել Հադրութի եկեղեցին։ Monument Watch-ը 2024-ի հունվարի 4-ին հայտնել էր նաև Արցախի Քաշաթաղի շրջանում Ադրբեջանի կողմից խաչքար-հուշաղբյուրի ոչնչացման, իսկ հունվարի 17-ին՝ Հաթերք գյուղի եղբայրական գերեզմանատան պղծման մասին։
Հոկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը հայտարարել էր Արցախում հայկական ժառանգության ոչնչացման և մշակութային ցեղասպանության սպառնալիքի մասին՝ այն պայմանավորելով միջազգային հանրության անգործությամբ: 2023-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ էր արել առաքելություն ուղարկել ԼՂ՝ պաշտպանելու հայկական մշակութային ժառանգությունը։