Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին աջակցելու նպատակով հավելյալ 5․5 մլն եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի, հայտնել են Հայաստանում ԵՄ գրասենյակից:
Գրասենյակից հստակեցրել են, որ տրամադրվող ֆինանսավորման 1.5 մլն եվրոն նպատակաուղղված է բարձրացնելու աղետների հանդեպ պատրաստվածությունը՝ հնարավոր ճգնաժամերին խոցելի համայնքների դիմակայունության բարձրացման նպատակով։
«Մարդասիրական ֆինանսավորման մյուս 4 մլն եվրոն հիմնականում ուղղվելու է Ղարաբաղից տեղահանված հայերին վաուչերներ և կանոնավոր դրամական փոխանցումներ հատկացնելուն, որը կօգնի նրանց հոգալ իրենց հիմնական կարիքները»,- ասված է գրասենյակի հայտարարության մեջ։
2023-ի սեպտեմբերի 22-ին Եվրահանձնաժողովը հայտարարել էր 500.000 եվրոյի մարդասիրական օգնության մասին՝ ադրբեջանական ագրեսիայից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը աջակցելու համար։ Հոկտեմբերի 6-ին ԵՄ-ն հայտարարել էր հավելյալ ավելի քան 5 միլիոն եվրո հումանիտար աջակցությունը կրկնապատկելու մասին։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։