Ադրբեջանը հեռացրել է Ստեփանակերտում տեղադրված գրող Հակոբ Հակոբյանի կիսանդրին, ահազանգում է «Հայքի մշակույթի Օմբուդսմեն» կազմակերպությունը:
ՀԿ-ն տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին ադրբեջանական սոցցանցային հարթակներում հարպարակել է ևս մեկ տեսանյութ օկուպացված Ստեփանակերտից։ «Տեսանյութի ուումնասիրությունից ակնհայտ է դարձել, որ Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության հերթական զոհը դարձել է գրող Հակոբ Հակոբյանի կիսանդրին»,- մանրամասնում է ՀԿ-ն:։
Փետրվարի 5-ին ՀԿ-ն հայտնել էր, որ Ադրբեջանը հանել էր Արցախի Տիգրանակերտի մոտ գտնվող Վանքասարի եկեղեցու խաչը:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ էր սկսել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այդ ժամանակից ի վեր հանրապետությունում ավերվել են տասնյակ եկեղեցիներ, գերեզմանոցներ, տաճարներ և այլ ճարտարապետական հուշարձաններ։ 2020 թվականի դեկտեմբերին ոչնչացվել էին Թալիշի և Մատաղիսի հայկական հուշարձանները։ 2021 թվականին Ադրբեջանի իշխանությունները ավերել էին Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մանկավարժների պուրակը, Մակուն կամուրջը, դպրոցներ, հուշարձաններ, Հադրութի շրջանի 18-19-րդ դարերի Սուրբ Սարգիս եկեղեցին, Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը, վնասել Ս․ Աստվածածին եկեղեցին, ինչպես նաև հայկական գերեզմանոցներ Հադրութի շրջանի Սղնախ և Հին Թաղեր գյուղերում։ 2021 թվականից մինչև 2023 թվականը քանդել էին Իշխանագետի 1835 թվականի Հալիվոր կամուրջը, պղծել Հադրութի եկեղեցին։ Monument Watch-ը հունվարի 4-ին հայտնել էր նաև Արցախի Քաշաթաղի շրջանում Ադրբեջանի կողմից խաչքար-հուշաղբյուրի ոչնչացման, իսկ հունվարի 17-ին՝ Հաթերք գյուղի եղբայրական գերեզմանատան պղծման մասին։
Հոկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացման և մշակութային ցեղասպանության սպառնալիքի մասին՝ ի դեմս միջազգային հանրության անգործության: Նոյեմբերի 9-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ էր արել առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ պաշտպանելու հայկական մշակութային ժառանգությունը։