Արցախի ԱԺ պատգամավորները մտադիր են առաջիկայում նիստ հրավիրել, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը:
Ըստ հրապարակման՝ Արցախի պատգամավորների շրջանում կոնսենսուս կա նիստ հրավիրելու մասին, բայց որոշում չկա, թե երբ տեղի կունենա այն:
Թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ օրակարգում կլինի ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը, որը կզբաղվի 2023թ. մարտից արցախցիների աշխատավարձերից պահվող գումարների՝ կենսաթոշակների կուտակային ֆոնդին չփոխանցելու խնդրով: Ըստ թերթի՝ այդ գումարներն ուղղվել են «անհայտ ծախսերի»:
Արցախի պատգամավորները մտադիր են պարզել՝ ի՞նչ նպատակների են ուղղվել քաղաքացիների կուտակային գումարները և ո՞վ է այդ որոշումների պատասխանատուն:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել էր ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել էին 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։