Արցախի Ազգային ժողովի ղեկավար կազմի և Արցախի հարցերով հանձնախմբի համակարգողի հանդիպման ժամանակ քննարկվել են արցախահայության հայրենադարձման և անվտանգ ու ապահով կենսագործունեության իրականացման համար անհրաժեշտ քայլերը, հայտնում է Արցախի ԱԺ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Արցախի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը և խմբակցությունների ղեկավարները հանդիպել են Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության նպատակին կոչված հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանի հետ:
Հանդիպման մասնակիցները շեշտել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ, որ Արցախի հայաթափումը և ժամանակավոր բռնազավթումը չի կարող վերացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը, սեփական հազարամյա բնօրրանում անվտանգ և ապահով ապրելու բնական պահանջը, որն ամրագրված է միջազգային իրավունքի նորմերով:
«Քննարկվել են այն քայլերը, որոնք անհրաժեշտ են միջազգային հիմնավոր երաշխիքների ներքո ստեղծելու անվտանգ ու իրավական դրույթներով ամրագրված միջավայր՝ արցախահայության հայրենադարձման և անվտանգ ու ապահով կենսագործունեության իրականացման համար՝ բացառելով ֆիզիկական գոյության ու ինքնության սպառնալիքները: Կարևորվել է այդ ուղղությամբ համահայկական կառույցների և անհատների ջանքերի նպատակաուղղված և թիրախային համադրումը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Նաև անթույլատրելի է համարվել արցախահայության հայրենադարձման հարցի շահարկման և չարաշահման որևէ դրսևորում:
Փետրվարի 3-ին հրապարակվել էր Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և այլ հիմնարար իրավունքների հանձնաժողովի նախնական կազմը: Օսկանյանի խոսքով՝ հանձնաժողովի հիմնական խնդիրը լինելու է արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանությունը և, առաջին հերթին, նրանց հավաքական հայրենադարձությունը՝ միջազգային երաշխիքների պահպանմամբ։