Արցախի ԱԺ-ն գաղտնի նիստերից մեկում որոշել է փոփոխություն կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում, որի համաձայն Արցախի քաղաքացիները կարող են կենսաթոշակային ֆոնդերում կուտակված դրամական միջոցները տնօրինել հիմա, գրել է «Հրապարակ»-ը:
Գործող համակարգի միջոցով՝ յուրաքանչյուր աշխատողի եկամտի որոշակի տոկոսը կուտակվում է ֆոնդերում, որպեսզի կենսաթոշակային տարիքում ապահովվի ծերությունը:
ՀՀ քաղաքացու անձնագիր չունեցող արցախցիները չեն կարողանալու հետագայում օգտվել «ապահով ծերության» ծրագրից, ուստի Արցախի ԱԺ-ն որոշել է մարդկանց հնարավորություն տալ, որ հիմա վերցնեն իրենց կուտակած գումարները և հոգան կարիքները:
Այսպիսով, գրում է հրատարակությունը, արցախցի խորհրդարանականները մտադիր են լուծել հնարավոր խնդիրները, որոնք կարող են առաջանալ ապագայում Հայաստանի քաղաքացիություն ստանալ չցանկացող արցախցիների համար։
«Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունները Արցախի ժողովրդին Հայաստանի քաղաքացի չեն համարում։ Պարզվում է՝ այն արցախցիները, ովքեր չեն ցանկանում ստանալ ՀՀ քաղաքացիություն, հետագայում չեն կարողանա օգտվել այս «ապահով ծերության» ծրագրից։
«Խոսքը մոտ 16 մլրդ դրամի մասին է, մոտ 34 հազար շահառուի, այսինքն՝ յուրաքանչյուր աշխատողի և հարկ վճարած արցախցու մոտ 500 հազար դրամ կհասնի: Եվ քանի որ մարտին դադարում են ՀՀ իշխանությունների կողմից սոցիալական հատկացումները, ապա այդ գումարներով արցախցիները կարող են որոշ ժամանակ էլ գոյատևել»,- գրել է լրատվականը:
Հարցը ՀՀ Կենտրոնական բանկի տիրույթում է, որը պետք է դիմի միջազգային կուտակային ֆոնդերին և պահանջի հետ վերադարձնել բոլոր նրանց գումարները, ովքեր կպահանջեն, գրել է թերթը։
Փետրվարի 16-ին հայտնել էինք, որ Արցախի ԱԺ-ն նիստ կհրավիրի, որի օրակարգում կլինի քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը, որը կզբաղվի 2023թ. մարտից արցախցիների աշխատավարձերից պահվող գումարների՝ կենսաթոշակների կուտակային ֆոնդին չփոխանցելու խնդրով: Ըստ ԶԼՄ-ների՝ այդ գումարներն ուղղվել են «անհայտ ծախսերի»: Արցախի պատգամավորները մտադիր են պարզել՝ ի՞նչ նպատակների են ուղղվել քաղաքացիների կուտակային գումարները և ո՞վ է այդ որոշումների պատասխանատուն:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել էր ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել էին 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի է ժամանել ՀՀ։