Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի ԱԺ ղեկավարի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը և այլ պաշտոնյաներ Արցախյան շարժման օրվա առթիվ այցելել են Եռաբլուր։
Արցախի Ազգային ժողովի նախկին ղեկավար Արթուր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ այն տարիներին Արցախյան շարժման հաղթանակի բանալին ողջ հայ ժողովրդի համախմբվածությունն էր մեկ ընդհանուր նպատակի՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շուրջ։ «Այս միասնությունը մեզ այսօր առավել քան երբևէ պետք է»,- հավելել է նա:
Թովմասյան խոսքով՝ արցախցիները չեն կարող վերադառնալ ԼՂ որպես Ադրբեջանի քաղաքացիներ, դրա համար միջազգային երաշխիքներ են պետք, քանի որ անվտանգային հարցեր կան: Նրա խոսքով՝ Արցախի թեման միշտ «տաք պահելու» համար, պետք է հզոր Հայաստան և հզոր Սփյուռք:
«Մենք ունենք վերադարձի իրավունք, մշակութային ժառանգության պահպանման իրավունք, կորցրած գույքի իրավունք… Կան հարցեր, որոնք քաղաքական չեն, և դրանք պետք է բարձրաձայնել»,- ասել է նախկին պաշտոնյան:
Նրա կարծիքով՝ խնդիրների լուծման երկու ուղի կա. մեկն ուռա-հայրենասիրության ճանապարհն է, մյուսը՝ ներկա իրողությունները հաշվի առնելը։
«Ես գտնում եմ, որ ներկա իրողություններով պետք է առաջնորդվենք, որպեսզի վնաս չհասցնենք Հայաստանի և Արցախի մեր հայրենակիցներին»,- նշել է նա։
Թովմասյանը կիսվել է Բաքվում պահվող անձանց շուրջ իր տեղեկություններով: Նրա խոսքով՝ ՀՀ իշխանություններն իրենց ասում են, որ զբաղվում են գերիների հարցով, ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներով, այլև բոլոր գերիներով:
«Ես ուսումնասիրել եմ Ադրբեջանի Քրեական օրենսգիրքը, Քաղաքացիական օրենսգիրքը: Շատ դաժան հոդվածներ են, նրանց (գերիներին- խմբ.) կոչում են ահաբեկիչներ, անջատողականներ, բայց այս 30 տարիներին ԵԱՀԿ համանախագահող երկրները միշտ եղել են Ստեփանակերտում: Արդյոք նրանք այցելե՞լ են ահաբեկիչների, անջատողականների»,- հարցրել է Թովմասյանը:
Նա նաև ընդգծել է Արցախում համապետական ընտրություններին միջազգային դիտորդների մասնակցությունը 100-ից ավելի պետություններից:
«Բոլորն էլ արձանագրել են, որ ընտրությունները տեղի են ունեցել ժողովրդավարության սկզբունքներին և Արցախի ընտրական օրենսգրքի համապատասխան: Արձանագրել են, որ մենք ընտրություններն ավելի լավ ենք կազմակերպում, քան տարածաշրջանի պետությունները»,- ասել է ԱԺ նախկին նախագահը:
Թովմասյանը հավելել է, որ արցախցիների սոցիալական խնդիրներին զուգահեռ՝ ՀՀ-ում նույնպես կան քաղաքացիներ, որոնք գտնվում են աղքատության մեջ, բնակարանի ու աշխատանքի կարիք ունեն:
«Կարծում եմ՝ միասին պետք է այս հարցը լուծվի, որպեսզի չշահարկվի, թե բռնի տեղահանվածների հարցը լուծվում է, Հայաստանի քաղաքացիներինը՝ ոչ: Մենք՝ արցախցիներս, Հայաստանի քաղաքացիների հետ նույն օրգանիզմի տարբեր կողմերն ենք: Ինչպե՞ս կարող է գլուխդ ցավել՝ ոտքդ դա չզգա: Իհարկե, Հայաստանի անվտանգության հարցերը մեզ նույնպես մտահոգում են»,- ասել է Թովմասյանը:
Այսօր լրանում է Արցախյան շարժման 36-ամյակը։ Ուղիղ 36 տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 20-ին, կայացվել էր պատմական որոշում՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու համար։