Արցախի ԱԺ պատգամավորները հանդիպել են ՀՀ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հետ, հայտնել է «Հրապարակ»-ը:
Ըստ թերթի՝ հանդիպումները տեղի են ունեցել փետրվարի սկզբին: Քննարկվել են Արցախում ստեղծված իրավիճակի և Հայաստանում արցախցիների խնդիրների վերաբերյալ հարցեր: Կողմերը որոշել են քննարկել կանոնավոր հանդիպումների շարք իրականացնելու հարցը, հայտնել է լրատվականը:
Թերթը նշում է, որ «Պատիվ ունեմ»-ը ողջ կազմով է ներկայացել հանդիպմանը, «Հայաստան» խմբակցությունը՝ ևս ներկայացուցչական կազմով՝ Սեյրան Օհանյան, Իշխան Սաղաթելյան և այլք։ Քննարկումից հետո պատգամավորները նաև Սամվել Շահրամանյանի հետ են հանդիպել:
Արցախի ԱԺ ղեկավար կազմը փետրվարի 19-ին հանդիպել էր Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանի հետ և քննարկել արցախահայության հայրենադարձման համար անհրաժեշտ քայլերը:
Փետրվարի 3-ին հրապարակվել էր Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և այլ հիմնարար իրավունքների հանձնաժողովի նախնական կազմը: