ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է արցախցի պաշտոնյաներին ակտիվության համար զրկել պետական մեքենաներից և թիկնազորից, գրում է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Թերթը հիշեցրել է, որ փետրվարի 21-ին ձերբակալել էին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնապահին, իսկ Շահրամանյանին կանչել էին Հակակոռուպցիոն կոմիտե: Թերթը նշել է, որ Շահրամանյանի նկատմամաբ վարույթ հարուցված չէ։
Հղում անելով Շահրամանյանի փաստաբանին՝ թերթը գրել է, որ կոմիտեն քննում է Շահրամանյանի՝ 2023 թվականի նոյեմբերի 8-ի դիմումը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, որը վերաբերում է Արցախին տրամադրված պետական միջոցների յուրացման մասին հրապարակումները քննելուն։
Ըստ թերթի, սակայն, նման վարույթ ևս չկա։
«Իրականում՝ նպատակն արցախցիներին զսպելը, վախեցնելն է, որ դուրս չգան պայքարի»,- նշել է «Հրապարակը»։
Պարբերականը հստակեցրել է, որ 2023 թվականի հոկտեմբերից Հայաստանի քննչական մարմինները հրավիրում են Արցախի տարբեր պաշտոնյաների և ակտիվ գործիչների և նրանց հետ «բացատրական» աշխատանքներ տանում՝ փորձելով կանխել նրանց հնարավոր ակտիվությունը։