Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը «շինծու» է անվանել իր թիկնապահ Աշոտ Դանիելյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը։ Ճեպազրույցի ժամանակ Շահրամանյանը պատասխանատու ուժային մարմիններին կոչ է արել կարճ ժամանակում լուծել ձերբակալված Դանիելյանին ազատ արձակելու հարցը։
«Գործը շինծու է, և մենք բոլորս ականատես ենք եղել դրան։ Մեծ հարցեր է առաջացնում այդ ձերբակալության օրինաչափությունը։ Դիմակավորված, 20 հոգով քաղաքի կենտրոնում ձերբակալել են անձի, որը կապ ունի Արցախի ղեկավարի հետ։ Ձերբակալել են նախագահին սպասարկող մեքենայի միջից, ինչը մեծ հարցեր է առաջացնում։ Առաջիկայում մենք կստանանք դրանց պատասխանները»,- ասել է նա։
Նախագահն այս գործողությունները կապել է Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ։
«Փորձում են կափարիչ դնել Արցախի հարցի վրա ու փակել այդ դուռը։ Բայց ինձ թվում՝ պետք չէ գնալ այդ ճանապարհով, պետք է Արցախի հարցի, արցախցիների խնդիրների համար լուծումներ գտնել։ Իմ կարծիքով՝ մինչև այդ հարցն արդարացի լուծում չստանա, մենք ունենալու ենք այս բաց վերքը և այն միշտ արյունահոսելու է»,- նշել է նա։
ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը փետրվարի 21-ին Armenia Today-ին հաստատել էր լուրը, որ փետրվարի 20-ին Երևան քաղաքի Աբովյան 25 հասցեի մոտից ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածով մեկ անձ է բերման ենթարկվել, այնուհետ՝ ձերբակալվել։ Նա Շահրամանյանի թիկնազորի աշխատակիցն է, որի նկատմամբ ՔԿ-ն քրվարույթ է նախաձեռնել։