Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը պատմել է, որ իրեն Հակակոռուպցիոն կոմիտե են կանչել հարցաքննության՝ Արցախի պաշտոնյաների կողմից հնարավոր ֆինանսական խախտումների վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում: Նա լրագրողներին հայտնել է, որ այս գործով ստուգում են արցախցի պաշտոնյաներին, ինքն էլ վկայի կարգավիճակ ունի։
Շահրամանյանը հստակեցրել է, որ 2023 թվականի նոյեմբերին Գլխավոր դատախազությանը խնդրել է հետաքննել Արցախի պաշտոնյաների ֆինանսական հանցագործությունների մասին հաղորդումները և փետրվարի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեից ստացել է իր խնդրանքի պատասխանը։
«Ես խնդրել եմ սոցիալական ցանցերում հայտնի դարձած տեղեկությունները որպես հանցագործության մասին հաղորդում ընդունել և համապատասխան քայլեր ձեռնարկել»,- լրագրողներին ասել է Արցախի նախագահը:
Նա չի բացահայտել վարույթով անցնող անձանց։
«Մեզ համար շատ կարևոր է ստանալ այդ հարցերի պատասխանները, և եթե կան մեղավորներ՝ պետք է պատժվեն»,- եզրափակել է Շահրամանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։