ՀՀ գլխավոր դատախազությունն արցախցուն սպանելու մեջ մեղադրվող ադրբեջանցի Քամիլ Զեյնալլիին Հայաստանին հանձնելու միջնորդությունն ուղարկել է Ռուսաստանի Դաշնություն, հայտնել է Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
Նա տեղեկացրել է, որ Դատախազությունն ստացել է հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցուն ՀՀ-ին հանձնելու վերաբերյալ ՆԳՆ-ի փաստաթղթերի փաթեթը:
«Այդ փաթեթը ՀՀ գլխավոր դատախազության կողմից կազմված հանձնման միջնորդության հետ ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն»,- հավելել է Մարտիրոսյանը։
Զեյնալլին ձերբակալվել էր փետրվարի 20-ի երեկոյան՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, ապա փետրվարի 21-ին Ադրբեջանի իշխանությունների օգնությամբ ազատ էր արձակվել, որից հետո վերադարձել էր Բաքու։ Հայաստանի ՆԳՆ-ն Armenia Today-ին հայտնել էր, որ Զեյնալլիին Հայաստանին հանձնելու փաստաթղթերի փաթեթ են նախապատրաստում։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Armenia Today-ին ասել էր, որ Զեյնալլիին ՌԴ-ի կողմից ազատ արձակման շուրջ կոլեգիալ քննարկումներ կլինեն։