Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը հայտնել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների բուժօգնության կազմակերպման մանրամասները։ Ըստ նրա՝ ՀՀ առաջնային օղակի բուժհաստատություններում այս պահին առկա է ԼՂ-ից տեղահանված 70 495 հաշվառված բուժառու։ Նա նշել է, որ մանկահասակ և միջին տարիքի՝ 0-18 տարեկան երեխաները կազմում են նրանց 30 տոկոսը։
«Այս պահին ունենք արդեն իսկ հաշվառված 699 հղի և ունեցել ենք 374 ծնունդ»,- ասել է Ջումայանը։
Նա նշել է, որ հիմնական սպասարկվող քաղաքացիները հղիներն են, խրոնիկ հիվանդություն ունեցողները, դեղորայքային ապահովությունից օգտվողները և հիվանդանոցային բուժօգնության կարիք ունեցողները։
Փոխնախարարի խոսքով՝ պետպատվերի շրջանակում տրամադրվող դեղատոմսը և՛ ՀՀ, և՛ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին կտրամադրեն էլեկտրոնային եղանակով։
«Բոլոր նրանց համար, ովքեր անվճար և արտոնյալ պայմաններում, համապատասխան իրենց քրոնիկ հիվանդության, պետպատվերի շրջանակներում օգտվում են դեղորայքից, կառավարության համապատախան որոշման ընդունումից հետո դրանք բաց են թողնվելու էլեկտրոնային եղանակով։ Պոլիկլինիկան պայմանագիր է ունենում մոտ տարածքում գտնվող դեղատների հետ։ Շահառուն միայն անձը հաստատող փաստաթղթով կարող է այդ դեղատնից ստանալ դեղորայքը»,- ասել է Ջումայանը։
Պաշտոնյան հավելել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների 77 000 հիվանդանոցային դեպք է սպասարկվել հայաստանյան ԲԿ-ներում, որից 2192-ը՝ 2024 թվականին։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի է ժամանել ՀՀ։