Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել արցախցիների բնակարանային ապահովման ծրագրի մասին:
Բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու համար արցախցիները պետք է ՀՀ քաղաքացիություն ընդունեն: Փոխվարչապետի խոսքով՝ մարդն իր ապագան ՀՀ-ում տեսնելու փաստն ամրագրում է քաղաքացիություն ընդունելով:
Կառավարության տվյալներով՝ 25 000-ից ավելի արցախցի ընտանիքներ կան, որոնց յուրաքանչյուրի հաշվով միջին աջակցության չափը կարող է կազմել 12-15, երբեմն՝ 18 մլն դրամ: Անչափահաս երեխաներին տրվող աջակցության չափը կլինի անվերադարձ, չափահասները պետք է որոշ ժամանակ անց վերադարձեն ստացած գումարը:
«Մենք նրանց կաջակցենք, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով որոշակի ֆիքսված մեծությամբ ֆինանսական միջոց հասանելի լինի տուն կամ բնակարան կառուցելու կամ գնելու համար: 10 տարի այդ բնակարանում ապրելու պարագայում դրա նկատմամբ սեփականության իրավունքը կանցնի ընտանիքին»,- նշել է նա:
Կառավարությունը նախընտրելի բնակավայրերի ցանկ կհրապարակի, առավելապես գյուղական բնակավայրեր: «Եթե այդ բնակավայրերում լինի տան կառուցումը կամ ձեռբքերումը, առաջնահերթությունը կտրվի նրանց ու ֆինանսական աջակցության չափն ավելի մեծ կլինի»,- տեղեկացրել է Խաչատրյանը:
Նա մանրամասնել է, որ առաջնահերթությունը տալու են 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին: Փոխվարչապետի խոսքով՝ ծրագիրը թույլ կտա բոլորին բնակարանով ապահովել 5 տարվա ընթացքում:
Ըստ նրա՝ թոշակառուների հարցը դեռ քննարկվում է: Խաչատրյանը նաև հավելել է, որ ապրիլ ամսից 40+10 աջակցությունից կօգտվեն անչափահաս երեխաները, իսկ կենսաթոշակառուները, հաշմանդամություն ունեցողները լրավճար կստանան՝ 20 000 դրամ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 17-ին հայտարարել էր Հայաստանի կառավարության կողմից բռնի տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու ծրագրի մշակման մասին։ Վարչապետը մեկնաբանել է, որ ծրագիրը քննարկման փուլում է և վերաբերում է ոչ միայն սեպտեմբերյան ագրեսիայի, այլ նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախից Հայաստան է բռնի տեղահանվել ավելի քան 100․000 մարդ։