Ճապոնիան ևս 3 միլիոն դոլար կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին և հյուրընկալող համայնքներին, տեղեկացնում են Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունից:
Նշվում է, որ փետրվարի 28-ին ՀՀ կառավարության շենքում Ճապոնիայի կառավարության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջև տեղի է ունեցել հայտագրերի փոխանակման ստորագրման արարողությունը՝ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների հիմնական ենթակառուցվածքների և սոցիալական ինտեգրման աջակցության ծրագրի» շրջանակներում։
Ծրագիրը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից մոտ 3 մլն ԱՄՆ դոլարի չափով և իրականացվելու է ՄԱԶԾ Հայաստանի կողմից: Ծրագիրը նպատակ ունի արձագանքել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների էական կարիքներին։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել էր ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել էին 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի է ժամանել ՀՀ։