Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր 5 խմբակցությունները («Ազատ հայրենիք», «Միասնական հայրենիք», «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն) հանդես են եկել հայտարարությամբ՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով ՀՀ կառավարության կողմից մշակվող Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների աջակցության ծրագրերի կապակցությամբ:
Արցախի ԱԺ-ի գնահատմամբ՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի միջոցով արցախյան հանրությանը մատուցվող ՀՀ կառավարության կողմից նախատեսվող ծրագրերը համարժեք չեն տիրող իրավիճակին:
Նրանք շեշտել են, որ մինչ այժմ իրականացված որևէ ծրագիր չի քննարկվել Արցախի Հանրապետության ժողովրդի կողմից լեգիտիմ մանդատ ունեցող որևէ կառույցի, այդ թվում՝ ժողովրդի ուղղակի քվեով ընտրված Ազգային ժողովի հետ, իսկ զանազան միջոցներով ԱԺ-ի կողմից ներկայացված առաջարկներն անտեսվել են։
«Հատկապես անընդունելի է Արցախից տեղահանված ժողովրդի համար բնակարաններ ձեռք բերելու կապակցությամբ դեռևս քննարկվող ծրագիրը, որը, հարցի քաղաքական և սոցիալական համակողմանի քննարկման արդյունքում, ակնհայտորեն, չի բավարարելու բռնի տեղահանված մեր հայրենակիցների նվազագույն սպասելիքներն ու ակնկալիքները։ Նման որոշումների կայացումը հանգեցնելու է մեր հայրենակիցների հիասթափությանն ու դժգոհությանը, որի արդյունքում կխթանվի արտագաղթը և բողոքների ալիքը, կխաթարվի մեզ համար օրախնդիր՝ հավաքական վերադարձի ակնկալիքը»,- նշել են խմբակցությունները։
Արցախի խորհրդարանի խմբակցությունները կոչ են անում զերծ մնալ չկշռադատված ոչ համարժեք քայլերից՝ վերահաստատելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդրահարույց հարցերի շուրջ կառուցողական քննարկումներ իրականացնելու իրենց պատրաստակամությունը՝ ողջախոհ, արժանապատվությունը չնսեմացնող որոշումների հանգելու համար։
Փետրվարի 27-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մանրամասներ էր ներկայացրել արցախցիների բնակարանային ապահովման ծրագրի մասին: Նրա խոսքով՝ 25 000-ից ավելի արցախցի ընտանիքներ կան, որոնց յուրաքանչյուրի հաշվով միջին աջակցության չափը կարող է կազմել 12-15, երբեմն՝ 18 մլն դրամ: Անչափահաս երեխաներին տրվող աջակցության չափը կլինի անվերադարձ, չափահասները պետք է որոշ ժամանակ անց վերադարձնեն ստացած գումարը: