Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Բաքվի հարձակման և հայ բնակչության բռնի տեղահանման պատճառով Լեռնային Ղարաբաղը մասամբ ազատ երկրների շարքից տեղափոխել է անազատ երկրների կարգ։
«Սեպտեմբերին ադրբեջանական ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշարումը հանգեցրել է տեղական իշխանությունների լուծարմանը և ավելի քան 120 հազար հայերի բռնի տեղահանմանը, ինչը շատ օտարերկրյա դիտորդներ անվանել են էթնիկ զտումների դեպք: Արդյունքում՝ նախկինում մասամբ ազատ տարածքը 2023 թվականին կրեց աշխարհի ամենամեծ վարկանիշային անկումը` ընդհանուր կորցնելով 40 միավոր»,- ասվում է «Ազատությունն աշխարհում 2024» զեկույցում։
Կազմակերպությունն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի բռնակցումը բարձրացրել է նախագահ Իլհամ Ալիևի վարկանիշն Ադրբեջանում և մտավախություն է առաջացրել, որ համարձակ Բաքուն կարող է լայնամասշտաբ ներխուժում իրականացնել Հայաստան։
Freedom House-ը նշել է, որ սեպտեմբերյան ագրեսիան համընկել է Ադրբեջանում ավտորիտար բռնաճնշումների խորացման հետ։ «Վիճելի տարածքների վրա հարձակումները մեծացնում են համաշխարհային ավտորիտար ագրեսիան»,-, եզրակացրել է կազմակերպությունը։
Freedom House-ի «Ազատությունն աշխարհում» զեկույցում Ադրբեջանը 100-ից ստացել է 9 միավոր, իսկ «Անցումային փուլում գտնվող երկրները»՝ 1,07 միավոր 7-ից: Կազմակերպությունը ճանաչել է Ադրբեջանը որպես «կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ»:
Freedom House-ը 2023 թվականի դեկտեմբերին Բաքվի հակահայկական հռետորաբանությունը կապել էր Ադրբեջանում ժողովրդավարական ազատությունների բացակայությունը թաքցնելու անհրաժեշտության հետ: