Ադրբեջանի վանդալների թիրախում է հայտնվել բռնազավթված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանու մայր տաճարը, հայտնում է «Հայքի մշակույթի օմբուդսմեն» կազմակերպությունը։
Վանդալիզմի նոր դեպքի մասին է փաստում ադրբեջանական ԶԼՄ-ներում ու սոցցանցերում տարածված լուսանկարը, որտեղ ադրբեջանցին անարգում է Սուրբ խորանը:
Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման արարողությունն իրականացրել է Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն՝ 2019 թվականի ապրիլի 7-ին։ Եկեղեցու ճարտարապետը Գագիկ Երանոսյանն է։
«Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները»,- հիշեցրել են կազմակերպությունում։
Մարտի 3-ին հայտնել էինք, որ Ադրբեջանն սկսել է քանդել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող Արցախի խորհրդարանի շենքը: Կազմակերպությունը հայտնել էր, որ ադրբեջանցի վանդալները ձևափոխում են Ստեփանակերտի «Արցախբանկի» գլխամասային գրասենյակի շենքը և թալանում Արցախի Ազգային ժողովի շենքը։
2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանն ավերել է Արցախի տասնյակ եկեղեցիներ, գերեզմանոցներ, տաճարներ և այլ ճարտարապետական հուշարձաններ։ 2020 թվականի դեկտեմբերին ոչնչացվել էին Թալիշի և Մատաղիսի հայկական հուշարձանները։ 2021-ին Ադրբեջանի իշխանություններն ավերել էին Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մանկավարժների պուրակը, Մակուն կամուրջը, դպրոցներ, հուշարձաններ, Հադրութի շրջանի 18-19-րդ դարերի Սուրբ Սարգիս եկեղեցին, Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը, վնասել Ս․ Աստվածածին եկեղեցին, ինչպես նաև հայկական գերեզմանոցներ Հադրութի շրջանի Սղնախ և Հին Թաղեր գյուղերում։ 2021-ից մինչև 2023 թվականը քանդել էին Իշխանագետի 1835 թվականի Հալիվոր կամուրջը, պղծել Հադրութի եկեղեցին։ Monument Watch-ը 2024-ի հունվարի 4-ին հայտնել էր նաև Արցախի Քաշաթաղի շրջանում Ադրբեջանի կողմից խաչքար-հուշաղբյուրի ոչնչացման, իսկ հունվարի 17-ին՝ Հաթերքի եղբայրական գերեզմանատան պղծման մասին։
Փետրվարի 22-ին ադրբեջանցիները վանդալիզմի էին ենթարկել Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները։ Փետրվարի 5-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հանել էր Արցախի Տիգրանակերտի մոտ գտնվող Վանքասարի եկեղեցու խաչը: Փետրվարի 14-ին «Հայքի մշակույթի Օմբուդսմեն» կազմակերպությունն ահազանգել էր, որ Ադրբեջանը հեռացրել էր Ստեփանակերտում տեղադրված գրող Հակոբ Հակոբյանի կիսանդրին: Փետրվարի 17-ին հայտնի էր դարձել, որ ադրբեջանական կողմն օկուպացված Ստեփանակերտ քաղաքում հեռացրել էր ադմիրալ Իվան Իսակովի կիսանդրին:
2023 թվականի հոկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը հայտնել էր Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացման և մշակութային ցեղասպանության սպառնալիքի մասին՝ ի դեմս միջազգային հանրության անգործության։ 2023 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ էր արել առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ պաշտպանելու հայկական մշակութային ժառանգությունը։