Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի դեսպաններին, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ հրապարակման՝ քննարկման հիմնական թեման եղել է արցախցիների՝ դեպի Արցախ վերադարձը։
«Չնայած գրեթե բոլոր դիվանագետները խոսքային մակարդակում դա համարում են այսօրվա թիվ մեկ խնդիրը, սակայն երբ հարցը հասնում է միջազգային երաշխիքներին, որոնք պետք է տրամադրվեն, որպեսզի արցախցիների անվտանգությունն իրենց հայրենիքում ապահովվի, ոչ ոք նման երաշխիքներ չի տալիս»,- գրել է թերթը՝ մեջբերելով արցախյան աղբյուրին։
Փետրվարի 19-ին Արցախի ԱԺ ղեկավար կազմն Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության նպատակին կոչված հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանի հետ քննարկել էր արցախահայության հայրենադարձման համար անհրաժեշտ քայլերը։