ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից անազատության մեջ պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության հետ մարտի 10-ին ադրբեջական հեռուստաընկերություններից մեկի կողմից հեռարձակված հարցազրույցների նախապատրաստումն ու տարածումը հակասում են խնդրին առնչվող միջազգային չափորոշիչներին։
«Նշված կարգավիճակով անձանց չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա տարբեր պատճառներով, այդ թվում` անձի արժանապատվությունը հարգելու և նրան ցանկացած ոտնձգությունից պաշտպանելու համար»,- ընդգծել է ՀՀ ՄԻՊ-ը:
Ըստ ՄԻՊ կառույցի՝ գտնվելով անազատության պայմաններում` նշված անձինք չեն կարող անկաշկանդ կերպով ձևավորել և ներկայացնել իրենց համաձայնությունը տեսանկարահանվելու և իրենց մասնակցությամբ տեսանյութերի հեռարձակման կամ տարածման առնչությամբ, ինչն ունի առանցքային նշանակություն։
«Տվյալների հրապարակման և սոցիալական ցանցերով տարածման հետևանքով նշված անձինք հանրության կողմից լրացուցիչ թիրախավորվում են, ինչի մասին են վկայում նաև այդ տեսանյութի վերաբերյալ ադրբեջանական օգտատերերի բացասական մեկնաբանությունները»,- հավելել է Մանասյանը։
Ադրբեջանական AzTV-ն երեկ՝ մարտի 10-ին տեսանյութ էր հրապարակել՝ իրազեկելով Բաքվի բանտում ապօրինաբար պահվող ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի կարծիքով՝ Ադրբեջանն ստիպել է հարցազրույցներ տալ Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը:
Հոկտեմբերի 3-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Արցախի երեք նախկին նախագահների և ԱԺ նախագահի ձերբակալության մասին։ Հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի դատախազությունը հայտնել էր, որ Հարությունյանին 9 հոդվածով մեղադրանք էր առաջադրվել։