Ադրբեջանը պատրաստվում է փոխել Արցախի պետական համալսարանի շենքի արտաքին տեսքը և համալսարանում գտնվող հանուն հայրենիքի զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը, հայտնել է «Հայքի մշակույթի Օմբուդսմեն» հասարակական կազմակերպությունը։
«Դա վկայում է հայկական հետքը վերացնելու և մշակութային ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի մտադրության մասին»,-շեշտվում է կազմակերպության հայտարարության մեջ:
«Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրության մեջ հստակ նշվում է, որ փոխվելու է համալսարանի շենքի արտաքին տեսքը։ Ակնհայտ է, որ իր ձեռագրին հավատարիմ՝ Ադրբեջանը շինարարական աշխատանքների քողի տակ վերացնելու է հայկական հետքը։ Հատկապես վտանգված է համալսարանի հանուն հայրենիքի զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը»,- ասված է հաղորդագրության մեջ։
«Այս քաղաքականությամբ Ադրբեջանը դարձել է վանդալիզմի տիպիկ խորհրդանիշ` գերազանցելով մարդկության պատմության ընթացքում գոյություն ունեցած բոլոր բարբարոս ցեղերին», – ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Կազմակերպությունն ընդգծում է, որ Արցախի մայր բուհն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել հայրենիքի պաշտպանության գործում։
«Հարկ ենք համարում նշել, որ Արցախի պետական համալսարանն ադրբեջանական ահաբեկչական խմբավորումների թիրախում հայտնվել է նաև 1990-ական թվականներին։1992թ. օգոստոսի 22-ին ադրբեջանական օկուպացիոն զորքերը 500 կգ կշռող ավիառումբ են նետել համալսարանի վրա, հաջորդ թիրախավորումը եղել Է 1993թ․։
Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախի մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ»,- ասվում է հայտարարության մեջ։
Նաև հիշեցրել են, որ նման գործողություններով Ադրբեջանը խախտում է «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954թ․ Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածը, համաձայն որի արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954թ․ առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։
Արցախի պետական համալսարանը հիմնադրվել է 1969թ. Ստեփանակերտում: Ադրբեջանի կողմից Արցախի դեմ պատերազմի տարիներին` 1992թ. հոկտեմբերին, ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել միավորել Վանաձորի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքը Երևանի ճարտարագիտական համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի հետ` միավորված նորաստեղծ բուհն անվանելով Արցախի պետական համալսարան` ԱրՊՀ:
Մարտի 8-ին Ադրբեջանցիները քանդել էին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող պատկերաքանդակները։ Մարտի 3-ին օկուպացված Ստեփանակերտից կադրեր էին տարածվել, որոնցում երևում էր, թե ինչպես է Ադրբեջանը քանդում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող խորհրդարանի շենքը: «Հայքի մշակույթի օմբուդսմեն» կազմակերպությունը հայտնել էր, որ ադրբեջանցի վանդալները ձևափոխում են Ստեփանակերտի «Արցախբանկի» գլխամասային գրասենյակի շենքը և թալանում Արցախի Ազգային ժողովի շենքը: