ՀՀ բարձրագույն հոգևոր դասն «ամոթալի» է որակել Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հետ Բաքվի կողմից պարտադրված հարցազրույցները, հայտնում է Մայր Աթոռի մամուլի ծառայությունը:
Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ:
«Ամոթալի նմանօրինակ գործողություններով ուղղակիորեն ոտնահարվում և անարգվում են միջազգայնորեն ճանաչված մարդկային հիմնարար իրավունքները։ Հերթական անգամ փորձ է արվում գերեվարված անձանց խոցելիությունն օգտագործելու անբարո գործելաոճի միջոցով ապակողմնորոշել միջազգային հանրությանը, և տասնամյակներ շարունակ ադրբեջանական բռնությունների ու գոյաբանական սպառնալիքների դեմ արցախահայության մղած ինքնորոշման արդարացի պայքարը ներկայացնել որպես ահաբեկչություն»,- նշվում է հայտարարության մեջ:
Գերեվարված հայորդիներին նվաստացնող բացահայտ այս գործողությունները, համոզված են Մայր Աթոռում, ակներև են դարձնում խաղաղության հասնելու Ադրբեջանի ղեկավարության հավաստիացումների կեղծ ու նենգամիտ բնույթը:
«Խաղաղությունը չի կարող կերտվել հայ ժողովրդի արժանապատվության ոտնահարման, ատելության ու թշնամանքի շարունակական սերմանման և արցախահայության արդար իրավունքների նկատմամբ անհարգալից դրսևորումների պայմաններում»,- շեշտում է հոգևոր դասը:
Նրանք կոչ են արել ՀՀ իշխանություններին «խաղաղության դարաշրջան» կերտելու իրենց ձգտումներում առաջնայնորեն հասնել Ադրբեջանի կողմից նմանօրինակ ագրեսիվ ու թշնամական գործողությունների բացառմանը և բոլոր հայ գերիների անպայմանավոր ազատ արձակմանը:
Բարձրագույն հոգևոր դասը կոչ է ուղղել նաև միջազգային հանրությանը, մարդասիրական առաքելություն իրականացնող կազմակերպություններին` համարժեքորեն արձագանքել հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի դրսևորած հիշյալ զազրելի գործողություններին և առավել գործնական ու ազդու միջոցներ կիրառել հայ գերիների իրավունքների պաշտպանության և հայրենիք շուտափույթ վերադարձի ուղղությամբ:
Մարտի 12-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից անազատության մեջ պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության հետ մարտի 10-ին ադրբեջական հեռուստաընկերություններից մեկի կողմից հեռարձակված հարցազրույցների նախապատրաստումն ու տարածումը հակասում են խնդրին առնչվող միջազգային չափորոշիչներին։
Ադրբեջանական AzTV-ն մարտի 10-ին տեսանյութ էր հրապարակել՝ իրազեկելով Բաքվի բանտում ապօրինաբար պահվող ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի կարծիքով՝ Ադրբեջանն ստիպել էր հարցազրույցներ տալ Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը:
Հոկտեմբերի 3-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Արցախի երեք նախկին նախագահների և ԱԺ նախագահի ձերբակալության մասին։ Հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի դատախազությունը հայտնել էր, որ Հարությունյանին 9 հոդվածով մեղադրանք էր առաջադրվել։