Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը նպատակ ունի միջազգային հարթակներում ներկայացնել արցախցիների շահերը, նպաստել Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձությանը և հիմնարար իրավունքներին, Armenia Today-ի հետ զրույցում հայտնել է Արցախի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը:
Նա կարևորել է Արցախի Ազգային ժողովի կողմից տեղծված հանձնախմբի կազմում Արցախի խնդիրներով տարիներ շարունակ զբաղվող փորձագետների ընդգրկումը։
«Արցախի էթնիկ զտման հետևանքով տեղի ունեցած մարդու իրավունքների բազմաթիվ խախտումները, ոտնձգությունները պետք է պարտադիր միջազգային հանրության քննարկման առարկա դառնային, բայց հաշվի առնելով մեր՝ ընդհուպ մինչև Արցախի բարձր պաշտոնյաների արտասահման գնալու, միջազգային տարբեր հարթակներում նման պրոբլեմները, հիմնախնդիրները ներկայացնելու սուղ հնարավորությունները, որոշում ընդունեցինք Ազգային ժողովի կողմից ստեղծել նման հանձնաժողով, որտեղ ընդգրկված կլինեն տարիներ շարունակ Արցախի հիմնախնդրով զբաղվող քաղաքական գործիչներ, միջազգային իրավունքի մասնագետներ, որոնց լիազորություն կտանք ներկայացնել արցախահայության հիմնախնդիրները»,- մանրամասնել է նա:
Բաղունցը հավելել է, որ հանձնաժողովի կազմը դեռ վերջնականապես ձևավորված չէ, փորձում են ընդգրկել նաև միջազգային իրավունքի մասնագետներ, ներկայացուցիչ ՌԴ-ից, ինչպես նաև աշխարհի տարբեր քաղաքական կենտրոններ հանդիսացող երկրներում ունենալ ներկայացուցիչներ:
Միևնույն ժամանակ նա հավելել է, որ հանձնաժողովը չի կարող փոխարինել Արցախի պետական կառույցներին։
«Լինելով արցախահայության իրավունքների պաշտպանության առաքելության կրողը՝ այն պետք է ներկայանա որպես Արցախի Ազգային ժողովի ստեղծած հանձնաժողով: Հանձնախումբը ստեղծվել է ոչ թե Ազգային ժողովը, ԱԳՆ-ն, նախագահի ինստիտուտը փոխարինելու համար, այլ միջազգային հարթակներում մեր ռազմավարությունը ներկայացնելու նպատակով»,- ասել է նա։
Անդրադառնալով նպատակներին՝ Բաղունց նշել է, որ հանձնաժողովի առջև դրված հիմնական խնդիրն արցախահայության հավաքական վերադարձն է:
«Խոսքը չի գնում մի քանի հարյուր, 1000-2000 մարդու, այլ արցախահայության հավաքական վերադարձի մասին է: Արցախահայությունը բոլոր միջազգային նորմերի, իրավունքների համապատասխան իր պատմական հայրենիքում արժանապատիվ ինքնակառավարման սկզբունքով անվտանգ ապրելու իրավունք ունի, այդտեղից էլ բխում է հավաքական վերադարձի մեր նպատակը»,- ընդգծել է նա:
Ըստ Բաղունցի՝ դա շատ մոտ ապագայի համար իրատեսական չէ և ուժային բոլոր կենտրոնների հետ պահանջում է հետևողական աշխատանք։
«Մենք ոչ մեկին ավելորդ հույսեր չենք տալիս, որ դա լինելու է մոտակա ամիսներին, դա բավականին լուրջ, երկարաժամկետ ծրագիր է և պետք է նախ ամեն ինչ անել մտածված, կազմակերպված և բոլոր տեսակի միջազգային երաշխիքներն ունենալով՝ անմիջապես խոսել վերադարձի մասին: Դա միայն արցախահայության, ՀՀ իշխանությունների և ժողովրդի խնդիրը չպետք է հանդիսանա, այլ դրա հիմքում պետք է լինի համապատասխան ուժային կենտրոնների կամքը, ցանկությունը և ստեղծված իրավիճակը»,- շեշտել է նա:
Պատգամավորը կարևորել է նաև ներքին համախմբվածությունը, արցախցիների ներքին պատկերացումը, քանի որ «գայթակղություններին տրվելու հետևանքով ընդհանուր հավաքական վերադարձի գաղափարը կարող է վարկաբեկվել»:
Փետրվարի 3-ին հրապարակվել էր Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և այլ հիմնարար իրավունքների հանձնաժողովի նախնական կազմը: Օսկանյանի խոսքով՝ հանձնաժողովի հիմնական խնդիրը լինելու է արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանությունը և, առաջին հերթին, նրանց հավաքական հայրենադարձությունը՝ միջազգային երաշխիքների պահպանմամբ։
Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և այլ հիմնարար իրավունքների հանձնաժողովի նախնական կազմում ընդգրկված են Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը, «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը, «Հայ դատի» խորհրդի անդամ Արգենտինայից Մարիո Նալպատյանը, Եվրոպայի Հայկական Արդարության և Ժողովրդավարության Ֆեդերացիայի (EAFJD) ղեկավար Գասպար Կարամպետյանը և ԱՄՆ-ից փաստաբան Գառնիկ Քըրքոնեանը: