Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային պաշտպանել Արցախի հայկական ժառանգությունը՝ որպես «Եվրոպական ժառանգության հիմնարար մաս», X-ի իր էջում հայտնել է Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը:
Նրանք ահազանգում են, որ Լեռնային Ղարաբաղի հայկական հազարամյա մշակութային և կրոնական ժառանգությունը գտնվում է ոչնչացման, պղծման և յուրացման անմիջական սպառնալիքի տակ։
«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տեղի ունեցած մարդկային ողբերգությունը` մենք ձեզ կոչ ենք անում կոնկրետ քայլեր ձեռնարկել տարածաշրջանի հայկական, հարուստ մշակութային և կրոնական ժառանգությունը Եվրոպական մակարդակով ապահովելու, պաշտպանելու համար, այդ թվում՝ Ալիևի վարչակարգին վերջնաժամկետ սահմանել՝ միջազգային դիտորդական, գնահատման և փաստահավաք առաքելությունների մուտքը տարածաշրջան թույլ տալու նպատակով»,- նշվում է հրապարակված կոչի մեջ:
ԵՄ առաջնորդներին ուղղված նամակն ստորագրել են Ֆրանսիայից՝ Նատալի Լոիզոն և Ֆրանսուա-Քսավյե Բելամին, Սլովակիայից՝ Միրիամ Լեքսմանը, Լիտվայից՝ Յուոզաս Օլեկասը, Ավստրիայից՝ Լուկաս Մանդլը։ Նրանք առաջարկում են Լեռնային Ղարաբաղի հայկական ժառանգության վայրերից յուրաքանչյուրում տեղադրվեն 24-ժամյա տեսահսկման տեսախցիկներ՝ դրանց ոչնչացումը կանխելու համար:
Պատգամավորները նաև կոչ են արել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի՝ միջազգային մեխանիզմներով հայրենիք վերադառնալու իրավունքը, որոնք կերաշխավորեն նրանց անվտանգությունը և պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ՝ Արդարադատության միջազգային դատարանի օրինական վճիռները չկատարելու համար:
2023 թվականի հոկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացման և մշակութային ցեղասպանության սպառնալիքի մասին՝ ի դեմս միջազգային հանրության անգործության։ 2023 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ էր արել առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ պաշտպանելու հայկական մշակութային ժառանգությունը։