ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կոչ է արել օրակարգ բերել արցախահայությանն արժանապատիվ պայմաններով իրենց տները վերադարձնելու հարցը՝ հաշվի առնելով մարտի 13-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը:
Դիվանագետի կարծիքով՝ բանաձևի մեջ կարևոր է այն կետը, որտեղ կոչ է արվում Ադրբեջանին արցախահայության, նրա ղեկավարության հետ բանակցությունների նստել, և միջազգային ներկայությամբ ապահովել նրանց վերավարձն իրենց երկիր, իրենց հող: «Կարգավիճակ չի անվանում, բայց նկարագրում է արցախահայության հնարավոր կարգավիճակն իրենց հողի վրա: Ուրեմն՝ մենք դա արհամարհում ենք, չենք խոսում դրա մասին և փորձում ենք այդ փաստաթուղթը թափահարել որպես ԵՄ անդամակացության վկայական»,- ընդգծել է նա:
Օսկանյանը նշել է, որ հենց այս բանաձևի հիման վրա կարելի է օրակարգ բերել արցախահայությանն իրենց տները վերադարձնելու հարցը: Նա կոչ է արել ՀՀ իշխանություններին, քաղաքական ուժերին հետամուտ լինել դրան, և հարցը դարձնել օրակարգային, քանի որ հարցի հետևում միջազգային իրավունք, դատարանի որոշում կա, և կարող է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև առավել կայուն խաղաղությանը:
ՀՀ նախկին արտգործնախարարն անդրադարձել է նաև Ադրբեջանին գյուղեր հանձնելու մասին հարցին: «Փաշինյանը հիմնվում է նրա վրա, որ դրանք խորհրդային են եղել և պետք է վերադարձվեն: Իմ համոզմամբ՝ դրանք իրավական հիմք չունեն: Եթե պատրաստ ես Ադրբեջանին տալ այդ տարածքները, դու պարտավոր ես խնդիր դնել Ադրբեջանի առաջ վերականգնել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակը, սրանք նույն հարթության վրա են, երկուսն էլ խորհրդային շրջանի սեփականություն են»,- ընդգծել է Օսկանյանը:
Փետրվարի 3-ին հրապարակվել էր Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և այլ հիմնարար իրավունքների հանձնաժողովի նախնական կազմը: Հանձնախմբի աշխատանքները համակարգող Օսկանյանի խոսքով՝ հանձնաժողովի հիմնական խնդիրը լինելու է արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանությունը և, առաջին հերթին, նրանց հավաքական հայրենադարձությունը՝ միջազգային երաշխիքների պահպանմամբ։
Armenia Today-ի հետ զրույցում Արցախի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը հայտնել էր, որ հանձնաժողովի առջև դրված հիմնական խնդիրն արցախահայության հավաքական վերադարձն է: «Խոսքը չի գնում մի քանի հարյուր, 1000-2000 մարդու, այլ արցախահայության հավաքական վերադարձի մասին է: Արցախահայությունը բոլոր միջազգային նորմերի, իրավունքների համապատասխան իր պատմական հայրենիքում արժանապատիվ ինքնակառավարման սկզբունքով անվտանգ ապրելու իրավունք ունի, այդտեղից էլ բխում է հավաքական վերադարձի մեր նպատակը»,- ընդգծել էր նա: Ըստ Բաղունցի՝ դա շատ մոտ ապագայի համար իրատեսական չէ, և ուժային բոլոր կենտրոնների հետ պահանջում է հետևողական աշխատանք։
Մանրամասները՝ տեսանյութում: