Արցախցիների հայրենադարձության պայմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրաժարականն է։ Այսպես է Le Figaro-ի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուսոնն Armenia Today-ին Երևանի Ազգային գրադարանում տված հարցազրույցում գնահատել արցախցիների՝ հայրենիք վերադառնալու հավանականությունը։
«Նրանք կվերադառնան, բայց այսօր դա տեղի չի ունենա, քանի որ անվտանգության երաշխիքներ չկան։ Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Ալիևն այլևս իշխանության ղեկին չլինի։ Մենք պետք է համբերատար լինենք և սպասենք, որ ադրբեջանցիները վերջապես հասկանան իրենց պատմությունը և հրաժարվեն այս բռնատիրական ռեժիմից»,- եզրափակել է Բյուսոնը։
Armenia Today-ի խնդրանքով նա մեկնաբանեց ֆրանսիացի ընթերցողի համար Արցախի պատմության և մշակույթի մասին գիրք կամ այլ ստեղծագործություն թողարկելու հնարավոր ծրագրերը՝ հաշվի առնելով նրա նախազգուշացումներն ու հոդվածները Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական հետքի ոչնչացման մասին։ Նա բացատրեց, որ գիրք գրելով կհաստատի Արցախի կորուստը, սակայն Արցախի պատմությունն ավարտված չէ, և մի գեղեցիկ օր արցախցին կվերադառնա հայրենի հող։
«Գիրք գրել՝ նշանակում է վերջ դնել պատմությանը: Բայց ես չեմ հավատում, որ պատմությունն ավարտված է: Եվ եթե անգամ Արցախն այսօր զրկված է ինքնիշխանությունից ու պետականությունից, այն ոչ մի տեղ չի անհետացել, այն ապրում է մարդկանց սրտերում։ Արցախահայությունը տեղափոխվել է Հայաստան, որը նույնպես նրանց հայրենիքն է, բայց մի օր նրանք կվերադառնան Արցախ՝ այն հողը, որտեղ ապրել են ավելի քան 2600 տարի»,- ասաց ֆրանսիացի լրագրողը։
Բյուսոնը նշեց, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից Twitter սոցիալական ցանցում (այժմ՝ X) գրել է ադրբեջանական ագրեսիայի մասին՝ համաշխարհային հանրությանն այդ իրադարձությունների մասին ճշմարտությունը փոխանցելու համար և շարունակում է դա անել այսօր։
Մարտի 28-ից ապրիլի 25-ը Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումների շրջանակում Բյուսոնը Հայաստանում է գտնվում ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսոնի հետ։