Արցախի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի հետ Armenia Today-ի հարցազրույցը նոր իրավիճակում ՀՀ-ում Արցախի խորհրդարանի գործունեության, արցախցիների խնդիրների մասին է:
– Ազգային ժողովն ինչպե՞ս է կազմակերպում իր աշխատանքները ՀՀ-ում, ի՞նչ խնդիրների եք առնչվում:
– Մեր աշխատանքը, գործունեությունը կազմակերպելիս հաշվի ենք առնում «մի վնասիր» գործոնը, այսինքն՝ այն մեղադրանքները, որ Արցախի պետական կառույցներն իրենց գործունեությամբ սպառնալիք են ՀՀ-ի, հայ ժողովրդի համար, միանշանակ ժխտելի են: Մենք մեր բոլոր քայլերը հաշվարկում ենք, հիմնավորում ենք հենց այդ տեսանկյունից, որ հանկարծ չկատարենք քայլեր, որոնք ՀՀ-ի համար սպառնալիք կհանդիսանան, լրացուցիչ խոչընդոտներ կստեղծեն թե՛ միջազգային հարթակում, թե՛ Արցախի Հանրապետության հետ կապված բանակցություններում:
Մյուս կողմից՝ կուզեի անդրադառնալ Արցախի պետական կառույցների հասցեին հնչող այն մեղադրանքներին, թե մեր գործունեությունը չենք լուսաբանում, գաղտնիության պայմաններում ենք կատարում: Մենք մեր աշխատանքը կատարում ենք այն ծավալով, այն լուսաբանման շրջանակներով, որոնք ստեղծված իրավիճակում ճիշտ ենք համարում՝ լրացուցիչ լարվածություն չստեղծելու, այլ մեկնաբանումների առիթներ չտալու համա: Անցած հինգ ամիսների ընթացքում թե՛ նախագահական ապարատը, թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր մարմինները կատարել են այն անհրաժեշտ բոլոր քայլերը, որոնք պահանջված են, և համապատասխան հիմքեր են ստեղծված նոր իրավիճակում արցախահայությանը համախմբված պահելու համար՝ թեկուզև բավականին նեղ չափերով կառավարման կենտրոններ, օղակներ, լծակներ ունենալու համար:
Ակնկալում ենք արցախյան տարբեր հասարակական կազմակերպությունների օժանդակությունը, օգնությունն այդ հարցում, որովհետև մենք այսօր այլ տարբերակ չունենք, քան միասնական լինելը. բոլոր պետական, հասարակական, կառույցների և տարբեր գործիչների ջանքերն ուղղել մի ընդհանուր նպատակի՝ թույլ չտալ Արցախի ադրբեջանացումը, թուրքացումը, և դրանով իսկ հասնել հավաքական վերադարձի և մեր պատմական հայրենիքում ինքնակառավարման սկզբունքներով ապրելու նպատակին:
– Այս պայմաններում ի՞նչ խնդիրների են բախվում արցախցիները, ինչպե՞ս եք կարողանում հասցեագրել դրանք:
– Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք հարազատի պես ընդունել են շատ ծանր վիճակում հայտնված արցախցիներին և շնորհակալ ենք արցախահայության ներկայացուցիչների նկատմամբ ցուցաբերած օժանդակության, առավել ևս՝ ՀՀ բոլոր մարզերում ժողովրդի, համայնքների հոգատար վերաբերմունքի համար: ՀՀ իշխանություններն իրենց վրա են վերցրել լիազորությունների ամբողջ փաթեթը և փորձում են լուծել բազմաթիվ սոցիալական հարցեր: Մենք փորձում ենք կազմակերպված, ծրագրային տեսքով ներկայացնել այն, ինչը հնարավոր ենք գտնում, որ ՀՀ իշխանությունները կարող են կատարել: Մենք փորձում ենք դրանք ի մի բերել՝ հաշվի առնելով, որ շատ ավելի լա՛վ ենք պատկերացնում արցախցիների խնդիրները ՀՀ-ում:
Դժվար է սպասել, որ Երևանում ապրած պաշտոնյան լիարժեք կհասկանա մոտ մի տարի շրջափակման պայմաններում ապրած, էթնիկ զտման ենթարկված, ամեն ինչ՝ տուն-տեղ, ունեցվածք թողած արցախցուն: Դրա համար բազմիցս բոլոր հարթակներն օգտագործելով՝ մի գաղափար ենք առաջ քաշում, որ պետք է բոլոր այդ հարցերն Արցախի իշխանության հետ համաձայնեցնել, լսել, ընդունել մեր ներկայացրած ծրագրերը: Կան արցախահայության կողմից ընտրված լեգիտիմ կառույցներ՝ սկսած տեղական ինքնակառավարման մարմիններից՝ վերջացրած Ազգային ժողովով, նախագահով: Մենք դա հստակ ներկայացրել ենք վերջերս Ազգային ժողովի բոլոր հինգ խմբակցությունների կողմից հնչեցված հայտարարության մեջ, նշել, որ ՀՀ իշխանությունները, որպեսզի եղած հնարավորությունն ամենաարդյունավետ, օպտիմալ ձևով օգտագործեն, պետք է համագործակցնեն համապատասխան պետական կառույցների հետ:
– ՀՀ իշխանություններին խորհրդարանի բոլոր խմբակցությունները կոչ էին արել Արցախի լեգիտիմ ընտրված մարմինների հետ քննարկել արցախահայության աջակցության և մյուս խնդիրներին վերաբերող հարցերը, ի՞նչ արձագանք է դա ստացել:
– Արցախի իշխանությունների ներկայացուցիչների հետ որոշակի կապեր գոյություն ունեն, տաբեր հարթակներով հնչեցված մեր պահանջները որոշակի արձագանք են ստացել: Բայց, այնուամենայնիվ, ակնկալում ենք, որ ավելի սերտ համագործակցություն կունենանք ՀՀ կառավարության, որոշ կառույցների հետ և, կարծում եմ, դրանով ՀՀ կառավարության քայլերը կլինեն ավելի արդյունավետ, և արցախահայությանը ցուցաբերվող օժանդակություններն ավելի նպատակային կլինեն, եղած հնարավորություններն ավելի օպտիմալ կբաշխվեն: Արցախահայության պրոբլեմներին տիրապետում են Արցախի համապատասխան կառույցները, այնպես որ այդ գործոնն աշխատանքի կազմակերպման ընթացքում անտեսելը ճիշտ չի լինի:
– Հավաքական վերադարձի մասին խոսեցիք, վերջերս Ադրբեջանը ցուցադրաբար քանդել է Ազգային ժողովի շենքը և կարծես դրանով հասկացնում է, որ Արցախում հայերի ինքնավարության, ինքնիշխանության մասին խոսք չի լինել չի կարող, դուք ինչպե՞ս եք վերաբերում այդ գործողություններին:
– Իմ և իմ գործընկերների վերաբերմունքը բավականին հստակ ներկայացվել է իմ հայտարարության մեջ: Այլ կերպ գնահատել, քան բարբարոսություն, վանդալիզմ, չեմ կարող: Մեր հարևաններին բնորոշ քայլ է: Դրանով նրանք, իրենց կարծիքով, մեզ ուղղակի մեսիջ են ուղարկել՝ հասկացնելով, որ վերադարձի շանսեր չունենք, առավել ևս այն տարբերակով, ինչ մենք ենք պատկերացնում:
Բայց նրանք չեն հասկանում, որ դրանով ևս մեկ անգամ իրենց էությունն են ցուցադրում, արցախահայության և, ընդհանրապես, հայ ազգի նկատմամբ իրենց վերաբերմունքն են ցուցադրում: Այն փորձերը, որ կատարում են միջազգային հարթակներում՝ ձգտելով համոզել, որ պատրաստակամ են խաղաղ ապրել հայերի հետ թե՛ անմիջապես Արցախի տարածքում, թե՛ Ադրբեջանի ներքո, այդ առասպելը ևս մեկ անգամ իրենց ձեռքերով ոչնչացրին: Տարբեր միջազգային հարթակներում փորձելու են ներկայացնել իրենց պատրաստակամությունը՝ խաղաղ ապրել հայության հետ Ադրբեջանի Հանրապետության շրջանակներում, բայց դա ոչ ոք լուրջ չի ընդունելու:
– Ազգային ժողովի նախագահն այս պահին Բաքվի բանտում է, ի՞նչ մեխանիզմներ եք տեսնում նրա և մյուսների վերադարձն ապահովելու համար, ի՞նչ տեղեկություն ունեք նրանց մասին:
– Պարբերաբար հանդիպումներ ենք ունենում բոլոր քաղբանտարկյալների ընտանիքների հետ, հնարավորինս փոխանցում ենք այն շատ սուղ տեղեկությունները, որ ունենք, նրանք էլ մեզ են տեղեկություն փոխանցում ունեցած հեռախոսազանգերի մասին: Տարբեր կառույցների, այդ թվում՝ Հայաստանի իշխանությունների կողմից տրամադրված տեղեկությունների համաձայն՝ որոշակի աշխատանքներ կատարվում են, Կարմիր խաչը փորձում է ինչ-որ ազդեցություն ունենալ մեր համերկրացիների հնարավորինս շուտ վերադաձի ուղղությամբ, բայց, ցավոք, այդ հարցում Ադրբեջանի ղեկավարությունը շատ կոշտ դիրքորոշում է ընդունել, թույլ չեն տալիս որևէ կառույցի էական ազդեցություն ունենալ իրենց, այսպես կոչված, քննչական գործողությունների, «արդարության վերահաստատման» ուղղությամբ:
Շինծու այդ գործերը շարունակում են խորացնել, նոր մեղադրանքներ են առաջադրում, ցավոք, այդ ուղղությամբ մեր ազդեցության լծակները շատ թույլ են, մնում է հուսալ, որ իրենք էլ կհասկանան՝ դա անարդար վերաբերմունք է, և շուտ կամ ուշ՝ մենք ողջ-առողջ կտեսնենք նրանց վերադարձը:
Armenia Today-ի հետ զրույցում Բաղունցը հայտնել էր, որ Արցախի խորհրդարանի կողմից կյանքի կոչված Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը նպատակ ունի միջազգային հարթակներում ներկայացնել արցախցիների շահերը, նպաստել Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձությանը և հիմնարար իրավունքներին:
2023թ. նոյեմբերին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Արցախի պետական ինստիտուտներ պահելն ուղիղ սպառնալիք և հարված է ՀՀ անվտանգությանը: Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը գտնվում է Բաքվի բանտում, նրա պարտականությունները կատարում է Բաղունցը։