Ազատության հրապարակում տեղի է ունեցել Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հանրահավաքը՝ ընդդեմ արցախցիներին բնակարանով ապահովելու կառավարության ծրագրի։
Հանրահավաքի մասնակիցները կրում էին «Արցախ վերադառնալու ուղին անցնում է հզոր Հայաստանով», «Արցախի մշակութային ժառանգության պաշտպանություն», «Պահանջում ենք բոլորի անվտանգ վերադարձը և բնակությունն Արցախում» գրությամբ պաստառներ։ Նրանք վանկարկում էին՝ «Վերջ ցեղասպանությանը», «Մեկ ազգ՝ մեկ հայրենիք»։
«Մենք ձգտում ենք նպաստել Արցախի ժողովրդի անվտանգ և արժանապատիվ հավաքական վերադարձին հայկական Արցախ, կանխել զանգվածային արտագաղթը Հայաստանից, ապահովել բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությունն ու վերականգնումը»,- ասել է հանրահավաքի վարող Սոնա Համբարձումյանը։
Նա շնորհակալություն է հայտնել հանրահավաքին ներկա գտնվող արցախցիներից, որոնք չնայած ծանր սոցիալական և հոգեբանական վիճակին, հավաքվել են հրապարակում։ Ապա երախտիքի խոսքեր ուղղել հայաստանցիներին, որոնք սատար են կանգնել իրենց և կիսել ցավը։
«Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցներ, առաց ձեզ մեր վիճակն ավելի սարսափելի կլիներ, մինչև հիմա բազմաթիվ հայրենակիցներ իրենց բնակարաններում անհատույց պայմաններում բռնի տեղահանվածների են աջակցում, սոցիալական կարիքներ են հոգում»,- նշել է նա։
Արցախյան երկու պատերազմներում զոհված որդիների հայր, հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Միքայել Հաջյանը հանրահավաքին կոչ է արել հերքել բոլոր հայտարարությունները, թե արցախցիները քիչ զոհեր են տվել պատերազմում։
«Անձամբ ես այնքան չեմ մտածում իմ գույքի մասին, որը թողել եմ այնտեղ, մտածում եմ իմ հայրենական հողի մասին և այդ հողում ամփոփված իմ զավակների շիրիմների մասին։ Մտեք ցանկացած արցախցու տուն՝ պատից անպայման զոհված հարազատների նկարներն են կախված»,- ասել է նա։
Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն ՀԿ նախագահ Արմեն Ասրյանի խոսքով՝ 40+10 ծրագրի չշարունակվելու դեպքում ապրիլից առավել վատ վիճակում կհայտնվեն։
«Մարդիկ ստիպված կլինեն լքել իրենց վարձակալած բնակարնները, առանց այն էլ այս իրավիճակում էլ նման դեպքեր կան։ Ծայրը ծայրին հազիվ են հասցնում՝ հատկապես փոքրաթիվ ըտանիքները»,- նշել է նա՝ առաջարկելով ստեղծել Արցախի ժողովրդին օգնելու հիմնադրամ և պահանջել է ՀՀ կառավարությունից միջոցներ ձեռնարկել հայերի զանգվածային արտագաղթի դեմ։
«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանն իր ելույթում ասել է, որ ՀՀ կառավարությունից պետք է պահանջել առավել մատչելի ծրագրեր։
«Բոլորս էլ համեմատած մեր նախկին վիճակի՝ էկոնոմ ռեժիմի վրա ենք։ Մենք այն մարդը չենք, որ չիմանանք, որ դա ՀՀ բյուջեի վրա մեծ ծանրություն է, բայց կարծում ենք, որ պետք է ստեղծվի միջազգային դոնոր խումբ, որը կօգնի մեր տնտեսական, սոցիալական հարցերին, իսկ հետագայում՝ Արցախ վերադարձին»,- ասել է նա։
Հանրահավաքի ավարտին Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը հրապարակել է հանրահավաքի միասնական հայտարարությունը, որը հանձնվելու է ՀՀ կառավարությանը։ Նախաձեռնությունը հույս է հայտնել, որ 2 շաբաթվա ընթացքում կառավարությունը ներկայացրած պահանջները կքննարկի։