ՀՀ իշխանությունները քննարկում են արցախցիների համար սոցիալական բնակարաններ կառուցելու տարբերակը, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ արցախցիների հետ կայացած հանդիպմանը կառավարության անդամները տեղեկացրել են, որ սոցիալական բնակարանները տրամադրվելու են հատուկ խնամքի կարիք ունեցող քաղաքացիներին, ովքեր օբյեկտիվ պատճառներով չեն կարող տուն կառուցել:
Խաչատրյանը ներկայացրել է առաջիկայում սպասվող բնակարանային ապահովման ծրագրի մանրամասները։ Փոխվարչապետը նշել է, որ աջակցությունը տրամադրվելու է անձանց բնակելի տուն կառուցելու, տուն կամ բնակարան ձեռք բերելու համար։
Խաչատրյանի խոսքով՝ ծրագիրն իրականացվելու է փուլերով։ Առաջին փուլում առաջնահերթությունը տրվելու է երեք և ավել անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին։ Հաջորդ փուլերում աջակցություն կստանան երկու և մեկ անչափահաս երեխաներով ընտանիքները, այնուհետև այլ խմբերի ներկայացուցիչները։
Այն ընտանիքները, որոնք առաջին փուլից հետո կշարունակեն սպասել բնակարանի իրենց հերթին, կօգտվեն պետության աջակցությունից։ Բնակապահովման նպատակով աջակցության չափը մեկ անձի հաշվով նախատեսվում է շուրջ 3 մլն դրամ (առանձին բնակավայրերի դեպքում նախատեսվածից ավել):
Բնակարանային ապահովման աջակցությունից կարող են օգտվել այն անձինք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի։ Իսկ տվյալ բնակարանի կամ տան սեփականության իրավունքն իրենց կանցնի միայն 10-րդ տարվա ավարտին, եթե նրանք այդ ամբողջ ժամանակահատվածում բնակվել են տվյալ տանը կամ բնակարանում։
Խաչատրյանը փետրվարի 28-ին խոսել էր Արցախից տեղահանված անձանց բնակարաններով ապահովելու ծրագրի մասին: Նրա խոսքով՝ եթե վերաբնակիչները ցանկանում են մնալ Հայաստանում և որոշել են դառնալ երկրի քաղաքացի, ապա այդ դեպքում իշխանությունները կաջակցեն նրանց՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի ֆիքսված գումար տրամադրելով տուն գնելու կամ կառուցելու համար: Արցախի բռնի տեղահանված քաղաքացիները Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք էին անցկացրել ընդդեմ այդ ծրագրի։