Օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մոտ 500 ադրբեջանցի է ապրում, որոնք հիմնականում զինվորականներ են, աղբահանողներ, շինարարներ, ոստիկաններ, հայտնել է «Հրապարակ»-ը՝ վկայակոչելով արցախյան իր աղբյուրները։
Ըստ հրապարակման՝ քաղաքում այս պահին ևս 70 բնակարան են կարգի բերում, որ ադրբեջանցի որոշ ընտանիքներ տեղափոխվեն իբրև թե «իրենց տներ»։
Թերթը նշել է, որ Ստեփանակերտում արդեն խանութ է բացվել, վառելիքի լցակայաններ են տեղադրվել, իսկ 1 լիտր բենզինը Հայաստանի գներից կրկնակի էժան է՝ 190-200 դրամին համարժեք ադրբեջանական մանաթ:
Թերթի արցախյան հայկական աղբյուրները պատմել են, որ իրենցից յուրաքանչյուրին ԿԽՄԿ-ն ամսական 200 դոլարին համարժեք գումար է տրամադրում, որ հոգան կարիքները:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի՝ Արցախի վրա հարձակումից և 100 632 արցախցիների բռնի տեղահանությունից հետո Ստեփանակերտում 2023-ի դեկտեմբերի տվյալներով առավելագույնը 15 մարդ էր մնացել, որոնք ունեն ռուսական կամ այլ խառը ծագում, ընդ որում՝ ծերեր են, հաշմանդամներ։