Բաքուն Ստեփանակերտ քաղաքի Հայկավան թաղամասի բարձունքում կառուցվող մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «Ստեփանակերտի մոտ գտնվող հայերի գաղտնի ռազմական համալիր», հայտնում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում (Monument watch) ծրագիրը:
Monument watch-ը նշում է, որ ադրբեջանական Baku TV հեռուստաալիքով 2024 թվականի մարտի 20-ին հեռարձակված ռեպորտաժի ժամանակ ասում են, թե այդտեղ կային ժայռի մեջ փորված թաքստոցներ, գաղտնի սենյակներ, պահեստներ և տարածքը հարմար էր Ստեփանակերտը, Շուշին, անգամ Իվանյանը վերահսկելու համար: «Լրագրողը որպես «ապացույց» ներկայացնում է ինչ-որ թղթեր, անվանելով դրանք հատուկ փաստաթղթեր և ցուցադրելով տարածքից գտնված ավտոմեքենաների մի քանի համարանիշներ, որոնք բավականին լավ են երևում և ակնառու է դրանց քաղաքացիական ավտոհամարանիշ լինելը»,- շեշտում է նախաձեռնությունը :
Մարզամշակութային հուշահամալիրի շինարարությունը մեկնարկել էր դեռևս 2007թ. և անավարտ մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Իրականում Ստեփանակերտի այս հատվածում կառուցվում էր մեծ մարզամշակութային հուշահամալիր, որը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Համալիրի կազմում նախատեսվում էր նաև թանգարան: Վերջինս պետք է լիներ առաջին հարկում, ունենար նաև ժայռափոր հատված, որի պատեը պետք է զարդարվեին հայոց պատմությունը ներկայացնող բարձրաքանդակներով, պատկերներով: Այս համալիրը պետք է նպաստեր Ստեփանակերտում զբոսաշրջության զարգացմանը:
«Անհիմն են ադրբեջանական կողմի պնդումները, թե այս համալիրը ունեցել է ռազմական նշանակություն»,- եզրակացնում է նախաձեռնությունը:
Մարտի 3-ին օկուպացված Ստեփանակերտից կադրեր էին տարածվել, որոնցում երևում է, թե ինչպես է Ադրբեջանը քանդում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող խորհրդարանի շենքը: