Արցախում Ադրբեջանի վայրագությունների, 2023-ին իրականացրած ցեղասպանական գործողությունների վրա աչք փակելը հայկական այլ բնակավայրերում նոր ողբերգությունների ռիսկ է առաջացնում, օրինակ՝ Սյունիքում և Տավուշում, հայտարարել է Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը։
«Աչք փակելով Ադրբեջանի վայրագությունների վրա՝ մենք ռիսկի ենք դիմում հավերժացնել պատմական անարդարությունը։ Անտեսելով Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական գործողությունները՝ կարող ենք նմանատիպ ողբերգությունների բախվել հայկական այլ համայնքներում, օրինակ՝ Սյունիքում կամ Տավուշում»,- հայտարարել են ինստիտուտում։
Լեմկինի ինստիտուտը միջազգային հանրությանը կոչ է արել ակտիվ միջոցներ ձեռնարկել արցախահայության իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար:
«Միջազգային հանրության կողմից Ադրբեջանի՝ ցեղասպանություն իրականացնելու մտադրությունը դատապարտելու անկարողությունը միայն բարդացրել է այդ աշխատանքը։ Արցախում ցեղասպանության չճանաչումը և վայրագությունների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուց զերծ մնալու կեցվածքով միջազգային հանրությունն անտեսում է արցախահայության անվտանգ վերադարձն ապահովելու և դրան նպաստելու պատասխանատվությունը։ Բացի այդ, ստեղծվում է վտանգավոր նախադեպ, որը կարող է հանգեցնել նման ողբերգությունների կրկնությանը Հարավային Կովկասում և տարածաշրջանի սահմաններից դուրս»,- հավելել են ինստիտուտում։
Ընդգծել են, որ Արցախում ցեղասպանական գործողություններից 6 ամիս անց արցախահայությունը Հայաստանում ծանր պայմաններում է ապրում, միջազգային օգնությունը դանդաղ ու սուղ է, և շատերն արտագաղթում են Ռուսաստան և իրենց հայրենիքից հեռու գտնվող այլ երկրներ:
«Միջազգային հանրության լռությունը հավերժացնում է լքվածության զգացումը նրանց մեջ։ Արցախից բռնի տեղահանվածներն ականատես են լինում նաև համակարգված մշակութային ցեղասպանության։ Ադրբեջանը ջնջում և ավերում է Արցախում 4000-ամյա հայկական ժառանգության և ինքնության հետքերը, և աշխարհը շարունակում է աչք փակել այդ փաստի վրա»,- ասված է հայտարարության մեջ։
2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300-ը, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Արցախից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։