Ապրիլի 7-ին Երևանում կկայանա «Վըսկէ ծերքեր» (Ոսկե ձեռքեր) երկրորդ փառատոնը, հայտնում է «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մարիամ Աբրահամյանը:
Այն տեղի կունենա ժամը 12:00-18:00-ն՝ Երևանի Մոսկովյան 6/7 Թումանյան’ս ART սրճարանի բացօթյա տարածքում: Փառատոնի ընթացքում կլինի ցուցահանդես֊վաճառք: Այն կուղեկցվի միջոցառումներով, վարպետաց դասերով, անակնկալ նվերներով և հյուրասիրությամբ։
Փառատոնի հիմնական նպատակն է օգնել շնորհաշատ արցախցիներին վաճառել իրենց ստեղծագործությունները և ոգևորել՝ նորը ստեղծելու համար:
2023թ. դեկտեմբերի 17-ին Երևանում կայացել էր «Վըսկէ ծերքեր» տոնավաճառը, որին մասնակցել էին Արցախից տասնյակ տեղահանվածներ՝ ներկայացնելով և վաճառելով իրենց արտադրանքը: Կազմակերպիչներն Armenia Today-ին հայտնել էին, որ նպատակը գոնե եռամսյակը, վեցամսյակը մեկ տոնավաճառը կրկնելն է: