Երևանում կայացած ՀՅԴ Արցախի կազմակերպական կառույցի շրջանային ժողովը վերահաստատել է, որ կուսակցությունը բոլոր միջոցներով սատար է կանգնելու Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանությանը և ինքնորոշման իրավունքի վերականգնմանը, հայտնում է arfd.am-ը:
Հաղորդագրության մեջ շեշտվում է, որ ՀՅԴ-ն բոլոր հարթակներում շարունակելու է ներկայացնել Արցախի հիմնահարցի էությունն ու արցախցիների՝ հայրենիք հավաքական վերադարձի անժամանցելի իրավունքը: Նաև նշում են, որ շարունակելու են համագործակցությունն Արցախի Հանրապետության իշխանությունների և քաղաքական ու հասարակական բոլոր այն ուժերի հետ, որոնք իրենց օրակարգում են պահում վերոհիշյալ հարցերը։
Ժողովն ընտրել է նաև Կենտրոնական կոմիտեի 7 հոգանոց կազմ։ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ է ընտրվել Արա Պուլուզյանը։
Արցախի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցն Armenia Today-ի հետ զրույցում հայտնել էր, որ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը նպատակ ունի միջազգային հարթակներում ներկայացնել արցախցիների շահերը, նպաստել Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձությանը և հիմնարար իրավունքներին: