ՀՀ իշխանությունները հաճախ արցախահայերի խնդիրների շուրջ հանրային քննարկման իմիտացիա են ստեղծում, ապրիլի 2-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ, Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Նրա խոսքով՝ վերջին շրջանում Հայաստանի մարզերում տեղի են ունենում իշխանության ներկայացուցիչների ամենատարբեր հանդիպումներ արցախցիների տարբեր խմբերի հետ, սակայն դրանք բավարար ներկայացուցչական չեն։ Բեգլարյանի խոսքով՝ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հետ, որը ներառում է ավելի քան 40 հասարակական կազմակերպություն և բազմահազարանոց հանրահավաք է ունեցել, ոչ մի հանդիպում տեղի չի ունեցել։
«Հանդիպումները կարևոր են ՀԿ-ների հետ, որոնք քիչ թե շատ մասնագիտացած խմբեր են։ Շատ կարևոր են փորձագիտական համայնքի և Արցախի պետական մարմինների հետ հանդիպումները՝ որպես լեգիտիմ ներկայացուցիչներ»,- ասել է նա։
Բեգլարյանը նշել է՝ տպավորություն է ստեղծվում, որ իշխանության ներկայացուցիչները չեն հանդիպելու արցախցիներին հետաքրքրող կազմակերպությունների հետ։
«Մենք մի քանի անգամ առաջարկել ենք, սակայն կառավարությունը հստակորեն խուսափում է մեզ հետ հանդիպել, քննարկել՝ ինչ-ինչ պատճառներից ելնելով։ Նրանք հայտարարում են, որ հանրային քննարկումներ են իրականացնում, սակայն չկա նախագիծ (բնակարանային ապահովման-խմբ․)։ Ինչի՞ շուրջ են հանրային քննարկում անում»,- հարցրել է նա։
Ըստ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության ներկայացուցիչ Սոնա Համբարձումյանի՝ առ այսօր նախաձեռնությունը չի ստացել մարտի 20-ին «Ազատության» հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդունված հայտարարության-պահանջի պատասխանը։
«Այդ հայտարարության տեքստը հանրագրի տեսքով մարտի 21-ին ներկայացրինք կառավարությանը։ Ցավով պետք է նշեմ, որ Հանրագրերի մասին օրենքի համաձայն՝ այն ստանալուց ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում ո՛չ էլեկտրոնային հարթակում հրապարակվեց մեր հանրագիրը, ո՛չ հետ վերադարձվեց՝ օրենքին համապատասխան, ո՛չ էլ իր պատասխանը գտավ»,- նշել է նա։
Նախաձեռնության ներկայացուցիչները բացատրել են, թե ինչու են վախենում Հայաստանի քաղաքացիություն ստանալուց։ Նրանց կարծիքով՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալն ու փախստականի կարգավիճակից հրաժարվելը կբարդացնի Արցախ վերադարձը։
Համբարձումյանը տեղեկացրել է նաև, որ նախաձեռնությունը բազմիցս դիմել է կառավարությանը՝ իր ներկայացրած առաջարկների շուրջ համատեղ քննարկումներ անցկացնելու համար։ Նաև մարտի 27-ին դիմել է Ազգային ժողովի երեք խմբակցության՝ բնակարանաշինության ծրագրի շուրջ խորհրդարանական լսումներ անցկացնելու առաջարկով, սակայն այդպես էլ արձագանք չի ստացել։
«ՀՀ քաղաքացիություն ստանալու թեզը հենց ՀՀ կառավարությունն է հնարել՝ ահագին խոչընդոտներ ստեղծելով։ Նույն բնակարանների հարցը, պետական մարմիններում աշխատանքը կապել են քաղաքացիության հետ։ Բայց մեր կարևոր սկզբունքն է դա պահել՝ (Արցախի քաղաքացիությունը-խմբ․) Արցախ վերադարձի ակնկալիքով, որպեսզի կարողանանք ապացուցել մեր սեփականությունն այնտեղ։ Շատ հնարավոր է՝ այնպիսի իրավիճակ լինի, որ մենք կարողանանք վերադառնալ, և սա մեր առաջին գենետիկ փաստաթուղթն է»,- ասել է նա։
Բեգլարյանը հայտարարել է նաև իշխանության կողմից արցախցի հասարակական գործիչների նկատմամբ ճնշումների մասին՝ հատկապես իրենց նախաձեռնության ներկայացուցիչների նկատմամբ, սակայն չի մանրամասնել, թե ինչ ճնշումների մասին է խոսքը։
«Եղել են և շարունակվում են տարաբնույթ ճնշումներ՝ կանչերի, զրույցների տեսքով, մի մասն արդեն գործնական հստակ ճնշումներ՝ հնարավոր վարույթների շրջանակում։ Ճնշումները ՀՀ կառավարության կողմից են՝ ուղիղ կամ անուղղակի․ ես դեռ անուններ չեմ հնչեցնի։ Մենք աշխատելու ենք բացառապես օրենքի դաշտում, իրացնելու ենք մեր իրավունքները։ Կոչ ենք անում իրենց զուսպ պահել և չփորձել մեր անդամների հանդեպ ճնշումներ գործադրել»,- ասել է նա։
Նախաձեռնության անդամները հերքել են հարաբերություններն ընդդիմության ներկայացուցիչների հետ և կոչ արել իշխանություններին դադարեցնել իրենց մասին լուրեր տարածել իրենց լրատվամիջոցների միջոցով։
«Որոշ ԶԼՄ-ներ ու ֆեյսբուքյան էջեր փորձում են մեզ վրա ցեխ շպրտել։ Մի մասն ասում է՝ մենք Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն ենք, մյուս մասը՝ Ռոբերտ Քոչարյանի»,- ասել է «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ասրյանը՝ նշելով, որ մարդիկ այնքան են լճացել, որ չեն հավատում, թե հնարավոր է նման ազնիվ նախաձեռնություն լինի, որը շահագրգռված է մարդկանց կարիքների հարցով։
Բեգլարյանը խոսել է նախաձեռնության ծրագրերի մասին, հայտարարել, որ քննարկումները կշարունակվեն՝ չբացառելով, որ անհրաժեշտության դեպքում բողոքի ակցիաներ կանցկացվեն։
«Պայքարի որևէ մեթոդ, որևէ եղանակ չենք բացառում՝ միայն օրենքի շրջանակում, չենք բացառում, որ կարող է որևէ պահի մեկ այլ հանրահավաք տեղի ունենա, եթե դրա կարիքը լինի, ակտիվ հանրային քննարկումներ, հանդիպումներ՝ տարբեր շրջանակների հետ, հայտարարություններ։ Բաց ենք ՀՀ կառավարության հետ քննակման համար, կսպասենք հատկապես նախագծին։ Եթե գրավոր փաստաթուղթ լինի, մեր աշխատանքներն ավելի հստակ կլինեն, մեր առաջարկներն՝ ավելի կոնկրետացված»,- ասել է նա։