Արցախի բռնի տեղահանությունից հետո օկուպացված Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է, Armenia Today-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նրա փոխանցմամբ՝ Գալստյանը մեղադրվում է լրտեսության մեջ։ «Անձը կալանավորված է նախաձեռնված վարույթի շրջանակներում»,- մանրամասնեց նա:
Աբրահամյանի խոսքով՝ քրեական վարույթը նախաձեռնվել է մարտի 30-ին:
Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Գալստյանը կնոջ հետ Հայաստան է տեղափոխվել ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ և անմիջապես ձերբակալվել ԱԱԾ-ի կողմից։
MediaHub-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Գալստյանը կնոջ հետ Հայաստան է ժամանել մարտի 26-ին, սակայն նրան Գորիսում բերման են ենթարկել ԱԱԾ աշխատակիցները։