Քաշաթաղի շրջանում գտնվող Զորախաչ եկեղեցին Ադրբեջանը ներկայացնում է որպես աղվանական, հայտնում է «Հայքի մշակույթի օմբուդսմեն» ՀԿ-ն:
Կազմակերպությունը շեշտում է, որ Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել և ոչնչացնել Արցախի մշակութային ժառանգությունը։
«Ապրիլի 4-ին ադրբեջանական սոցցանցային հարթակներում տարածվեց մի տեսանյութ, որը նկարահանվել է Արցախի Հանրապետության բռնազավթված Քաշաթաղի շրջանում։ Տեսանյութում Քաշաթաղի շրջանում գտնվող Զորախաչ եկեղեցին ներկայացվում է որպես աղվանական»,- հայտնում է կազմակերպությունը
Զորախաչի եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում (այժմ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ), Բերձորից 52 կիլոմետր հյուսիս, Հակարի գետի Շալվա վտակի ձախակողմյան հատվածում, Արախիշ գյուղի տարածքում:
Հուվարին ադրբեջանցիները վանդալիզմի էին ենթարկել Հադրութի Սպիտակ խաչ վանքը՝ այնտեղ «աղվանական ծեսեր» անցկացնելով: 2023թ. դեկտեմբերին Ադրբեջանը հայտարարել էր Հադրութի Սբ. Հարություն եկեղեցին որպես աղվանական թանգարան վերակառուցելու մասին: Ադրբեջանցիները փորձում են աղվանականցնել նաև Ամարասի վանքը, Տողի մելիքական ապարանքը:
2023թ. հոկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացման և մշակութային ցեղասպանության սպառնալիքի մասին՝ ի դեմս միջազգային հանրության անգործության: Նոյեմբերի 9-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ էր արել առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ պաշտպանելու հայկական մշակութային ժառանգությունը։