Հայաստանում մարտի 26-ին կալանավորված Սարգիս Գալստյանը որոշել էր մնալ Արցախում՝ հետագայում որոշակի կարգավիճակ ունենալու և ինչ-որ դերակատարում ստանձնելու հույսով, հայտնել է «Հրապարակ»-ը։
Հարազատները Գալստյանին և նրա կնոջը 7 ամիս հորդորել են չմնալ Արցախում, սակայն նա մշտապես հույս է հայտնել, որ բռնի տեղահանվածները ռուսական կողմի միջնորդությամբ վաղ թե ուշ կվերադառնան Արցախ, գրել է թերթը։
«Թերևս 7 ամիս անց համոզվել է, որ վերադարձ չկա, ուստի որոշել է տեղափոխվել»,- ասված է հրապարակման մեջ:
Լրատվականի տեղեկությամբ՝ ամուսինները վերջին ամիսներին հարազատների հետ հաղորդակցության խնդիր են ունեցել: Նրանք մեկ ամիս առաջ են կապ հաստատել՝ հայտնելով, որ ինտերնետ կապի խնդիր կա Ստեփանակերտում, բայց հարազատների համար անսպասելի եղել, երբ իմացել են, որ Գալստյանը սահմանն անցել է և Հայաստանում կալանավորվել։
Գալստյանը կնոջ հետ Հայաստան էր տեղափոխվել ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ՝ մարտի 26-ին և ձերբակալվել ԱԱԾ-ի կողմից՝ լրտեսության մեղադրանքով։ Նրա նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել մարտի 30-ին: