Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Մարաղայի հայերի ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարությունում շեշտել է նման քաղաքականության կանխման անհրաժեշտությունը։
Գերատեսչությունը X սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի Մարաղա գյուղում հայերի ջարդերը դարձել են ադրբեջանական էթնիկ զտումների քաղաքականության հերթական մասը։ ԱԳՆ-ն նշել է, որ ջարդերի ժամանակ դաժանաբար սպանվել է ավելի քան 50 խաղաղ բնակիչ, նույնքան էլ գերի է ընկել, իսկ մնացած բնակչությունը՝ մոտ 5000 մարդ, բռնի տեղահանվել է։
ԱԳՆ-ն հիշեցրել է, որ դա իրենց զեկույցներում փաստել են այնպիսի իրավապաշտպան կազմակերպություններ, ինչպիսիք են Human Rights Watch-ը և Amnesty International-ը: «Մենք հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին և ընդգծում նման քաղաքականության կանխարգելման անհրաժեշտությունը»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Մարաղա գյուղը գտնվում էր Արցախի Մարտակերտի շրջանում։ 1989 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով գյուղում բնակվում էր 4660 մարդ։ 1992 թվականի ապրիլի 10-ին ադրբեջանցի զինվորականների կողմից գյուղի օկուպացումից հետո տեղի ունեցած ջարդի հետևանքով, ըստ տարբեր տվյալների, զոհվել է 43-100 մարդ, մոտ 50 հայ պատանդառվել է: