Ապրիլի 7-ին «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Երևանում 2-րդ անգամ տեղի ունեցավ «Վըսկե ծերքեր» տոնավաճառ-փառատոնը, որտեղ Արցախից բռնի տեղահանված 65 արտադրող ներկայացրեց իր աշխատանքները՝ ձեռագործ իրերից, զարդերից մինչև տարատեսակ արցախյան ուտեստներ։
Արևիկ Պետրոսյանը ծնունդով Մարտակերտի շրջանից է, ապրում էր Ստեփանակերտում: Նա ներկայացնում է «Արևիկ» բրենդը, պատրաստում է մկրտության պարագաներ, մանկական հագուստ, մանկական աքսեսուարներ: «Արդեն վեց տարի է՝ զբաղվում եմ այս գործով: Սիրով մասնակցում ենք տոնավաճառին, Արցախում բավականին պատվերներ ունեինք, այստեղ էլ փորձում ենք նույնը շարունակել, առայժմ` փոքր տեմպերով, բայց մեծ հույսերով»,- նշել է նա՝ հույս հայտնելով, որ կկարողանա նոր միջավայր դուրս գալ, ավելի ճանաչելի դառնալ հայաստանյան շուկայում:
Հաջորդ տաղավարում Ստեփանակերտից Էռնա Մկրտչյանն է, նա ձեռագործ տիկնիկներ է պատրաստում և փորձում իր տեղը գտնել հայկական արտադրանքի շուկայում: «Աշխատում էի Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում՝ որպես «Պատանի նկարիչ» խմբակի խմբակավար: Արցախում այն ինձ համար հոբբի էր, իսկ այստեղ սոցիալական խնդիրները հաղթահարելու համար է»,- ասում է մասնագիտությամբ նկարչուհի Էռնան:
«Heliun» առցանց խանութը ներկայացնող Անահիտ Բադալյանը սիրած գործով զբաղվում է դստեր՝ Անժելայի հետ: Նրանք Ասկերան քաղաքից են, և այժմ ՀՀ-ում փորձում են զարգացնել փոքրիկ բիզնեսը: «Ինչքան ինձ հիշում եմ, միշտ ձեռագործ աշխատանքներ եմ արել: Հիմա ներկայացրել ենք տակդիրներ և պայուսակներ, որոնք լվացվում և արդուկվում են: Քանի որ սկիզբն է, մի քանի ամիս առաջ ենք բացել օնլայն էջը, հաճախորդները չեմ ասի` շատ են, բայց քիչ-քիչ ակտիվությունը մեծանում է»,- նշում է Անահիտը: Անժելայի խոսքով էլ՝ ձգտում են տեսականին ընդլայնել, որ ավելի հետաքրքիր լինի հաճախորդների համար:
Ծովինար Գրիգորյանը Ստեփանակերտից է։ 15 տարի աշխատել է Արցախի պետեկամուտների կոմիտեում։ Հոբբին մանկական անկողնային պարագաներ պատրաստելն է, ինչը Երևանում աշխատանքի ու ապրուստի միջոց է դարձել։
«Հայրիկս դերձակ էր, նրանից եմ սովորել կարի հետ կապված հմտությունները: Սիրում էի կարը, ուղղակի` սիրողական, հիմա այստեղ չեմ աշխատում, որոշել եմ սիրած աշխատանքը բիզնեսի վերածել»,- ասում է Ծովինարը: Նա Ստեփանակերտում կարում էր մանկական անկողնային պարագաներ, բոժոժներ, ծամիկներ, իսկ այստեղ՝ դեկորատիվ ասեղնագործ իրեր։ Հույս ունի, որ ժամանակի ընթացքում կկարողանա հաստատվել նաև հայաստանյան շուկայում:
«Սյունե» ապրանքանիշն ստեղծվել է 2021թ.՝ Արցախում, արտադրում է հայկական զարդանախշերով շարֆեր: Ապրանքանիշն Արցախում բավականին հայտնի էր, այստեղ կամաց-կամաց փորձում են հարմարվել նոր պայմաններին, վաճառքը հիմնականում Instagram-ի էջով են իրականացնում:
Իրինա Գասպարյանն Արցախում փրկարար ծառայությունում էր աշխատում, ՀՀ-ում դեռ մշտական աշխատանք չունի, այս տարվա հունվարից ընկերուհու հետ սկսել է զբաղվել ձեռագործ օճառի արտադրությամբ: Հումքը ՌԴ-ից են ներկրում, այն անվտանգ ու հակաալերգիկ է: «Օճառների նկատմամբ հետաքրքրությունը նվեր ստանալուց հետո է առաջացել, դրանից հետո որոշել ենք ինքերս զբաղվել: Այն շատ դրական լիցքեր է փոխանցում դիմացինին»,- ասում է Իրինան: Նրա խոսքով՝ վաճառքը դժվարացնում է այն, որ անծանոթ են ոլորտին ու միջավայրին:
Էլինա Աղաջանյանը ներկայացնում է «Sunny Artsakh» ապրանքանիշը, բնական, առանց շաքարի չրեր, նաև մրգային թեյեր է պատրաստում:
«Վաճառք կա, պահանջված է, մեր արտադրանքն ուղարկում ենք նաև արտերկիր: Դպրոցում եմ աշխատում՝ որպես ուսուցչուհի ու, միաժամանակ, զարգացնում փոքր բիզնեսը»,- պատմում է նա: Էլինան նպատակ ունի մեծ արտադրամաս ստեղծել ու սրճարան բացել, որտեղ կմատուցի իր պատրաստած չրերը:
Կարինե Մուսայելյանի հեղինակած «Karin home» ապրանքանիշը գործում է 2020թ. պատերազմից հետո: Պատրաստում է ձեռագործ պայուսակներ, աքսեսուարներ:
«Այլ տեղ էլ եմ աշխատում, սա ինձ համար փոքրիկ բիզնես է, սիրած զբաղմունք: Այստեղ եկել եմ արցախցիներին տեսնելու համար ու հայտնվել եմ փոքրիկ Ստեփանակերտում»,- նշում է Կարինեն:
Փառատոնի մասնակիցների մեծամասնությունը հիմնականում վարձակալած բնակարաններում է գործունեություն ծավալում, ինչը թեև լրացուցիչ խնդիր է նրանց համար, բայց խոչընդոտ չէ ստեղծագործելու համար։ Ալվինա Գաբրիելյանը Ստեփանակերտում հրուշակեղենի արտադրամաս է ունեցել։ Հրուշակագործությամբ սկսել է զբաղվել 2022 թվականից։ Հայաստանում շոկոլադ է պատրաստում, ապրանքանիշի անունը «Մի կտոր երջանկություն» է։ Բարձրորակ հումքով է պատրաստում, աշխատում է տանը, բայց տարածք է փնտրում։
Արցախից բռնի տեղահանված Լուսինե Գասպարյանն էլ մասնագիտությամբ արվեստաբան է։ Սիրելի զբաղմունքը՝ տիկնիկագործությունը, այսօր հիմնական աշխատանք է դարձել։ Լուսինեն Հայաստանում հիմնել է «Լուսե» ապրանքանիշը, հրեշտակների տեսքով տիկնիկներ, նաև աքսեսուարներ է պատրաստում։
«Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ հիմնանդիր Մարիամ Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշում է, որ փառատոնը կրկնելու մտահղացումը ծագել է առաջին «Վըսկէ ծերքեր» փառատոնից հետո, որից ստացել են բավականին դրական արձագանքներ:
Նրա խոսքով՝ այս անգամ գրանցումը եղել է հայտադիմումով, մասնակիցներին ընտրել են՝ ելնելով որոշակի ստանդարտներից՝ ուշադրություն դարձնելով գին-որակ չափանիշներին ու հայտատուի սոցիալական կարգավիճակին:
«Առաջին փառատոնն առանձնացավ այն առումով, որ հնարավոր եղավ դրա միջոցով լուծել մի շարք հոգեբանական խնդիրներ, որը մենք նույնիսկ չէինք պատկերացնում: Կային արտադրողներ, որոնք անձնական կորուստներից կամ սոցիալական շատ բարդ իրավիճակից ելնելով՝ վատ վիճակում էին գտնվում, բայց փառատոնը հույս ներշնչեց աշխատելու ու հոգեբանական այդ ծանր վիճակը հաղթահարելու համար»,- մանրամասնում է Մարիամը: Նա հույս ունի, որ փառատոնների միջոցով կնպաստեն, որպեսզի արցախցիներն իրենց տեղը կգտնեն հայաստանյան շուկայում:
«Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության համահիմնադիր Տաթևիկ Խաչատրյանի խոսքով էլ՝ 2023-ի սեպտեմբերից 8 ամիս անց արցախցիները թե՛ սոցիալական, թե՛ հոգեբանական բարդ իրավիճակում են, բայց նման միջոցառումները նրանց համար լրացուցիչ հնարավորություն են։
2023թ. դեկտեմբերին Արցախում պլանավորված փառատոնը կայացել էր Երևանում, որին ներկայացված էին ավելի քան 50 արցախցիների ձեռքի աշխատանքներ և արտադրանք։ Կազմակերպիչներն Armenia Today-ին հայտնել էին, որ նպատակը գոնե եռամսյակը, վեցամսյակը մեկ տոնավաճառը կրկնելն է:
Տաթևիկ Աղաջանյան
Աննա Բադալյան