Արցախում հայտնաբերված քարե մարդակերպ կոթողները որևէ կապ չունեն աղվանների հետ, հայտնում է Monument watch նախագիծը:
Նշվում է, որ ադրբեջանական CBC հեռուստաալիքի պատրաստած «Հին Աղդամ. ոչնչացված քոչվորական ժառանգություն» տեսանյութում Արցախի հնագույն մշակույթի վերաբերյալ արվում են մի շարք ինքնահնար հայտարարություններ, որոնք աղավաղում և կեղծում են հնագիտական ժառանգության հետազոտության իրական պատկերը։
«Արցախի տափաստաններում հայտնաբերված, մ.թ.ա. 8-6-րդ դարերով թվագրվող քարե մարդակերպ կոթողները որպես ադրբեջանական ներկայացնելը նորություն չէ: Ադրբեջանցի հետազոտողներն Արցախի տարածքում գտնվող ժառանգության բոլոր շերտերը փորձել են «աղվանականացնել»»,- ընդգծում է Monument watch-ը։
Նախագիծը նշում է, որ այդ կոթողները չեն պատկանում ընդհանրապես կովկասյան բնիկ հանրույթներին: Հայ հետազոտողները զերծ են մնացել նաև դրանք հայկական մշակույթի հետ կապելու որևէ փորձից։
«Աբսուրդ է խոսել Կովկասում բնակվող ժամանակակից ժողովուրդների և մ.թ.ա. 2-1-ին հազարամյակի նույն գոտիներում էթնիկ խմբերի նույնականացման մասին։ Եվ երկրորդ, այդ ժամանակաշրջանում կլիմայական կտրուկ տատանումներով պայմանավորված՝ նստակյաց բնակչությանը զուգահեռ հայտնվում էին քոչվոր կենսակերպ վարող ցեղեր։ Այդ ճգնաժամի արդյունքում ձևավորված հանրույթներին կապել միջնադարում այստեղ հայտնված քոչվոր կենսակերպ վարող ցեղերի հետ՝ տարօրինակ և գիտական մշակումներին անտեղյակ լինելու արդյունք է»,- ընդգծում է նախաձեռնությունը։
Ադրբեջանն Արցախի Քաշաթաղի շրջանի հայկական Զորախաչ եկեղեցին անվանել էր «աղվանական»։
Հուվարին ադրբեջանցիները վանդալիզմի էին ենթարկել Հադրութի Սպիտակ խաչ վանքը՝ այնտեղ «աղվանական ծեսեր» անցկացնելով: 2023թ. դեկտեմբերին Ադրբեջանը հայտարարել էր Հադրութի Սբ. Հարություն եկեղեցին որպես աղվանական թանգարան վերակառուցելու մասին: Ադրբեջանցիները փորձում են աղվանականցնել նաև Ամարասի վանքը, Տողի մելիքական ապարանքը:
2023թ. հոկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացման և մշակութային ցեղասպանության սպառնալիքի մասին՝ ի դեմս միջազգային հանրության անգործության: Նոյեմբերի 9-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ էր արել առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ պաշտպանելու հայկական մշակութային ժառանգությունը։