Ադրբեջանի պետական քաղաքականությունը լծվել է Շուշիի հայկական պատմամշակութային միջավայրի վերափոխմանն ու բռնայուրացմանը, ահազանգում է Monument watch-ը՝ մատնանշելով Շուշիի ռեալական ուսումնարանի օրինակը:
Նախագիծը նշում է, որ 2020 թվականից հետո Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական պատմական և մշակութային հետքերի վերացման, օտարման և բռնայուրացման քաղաքականության առանցքում Շուշի քաղաքն է: Այս քաղաքականությունը սկիզբ էր առել դեռևս խորհրդային տարիներին՝ 1960-ական թվականներին, երբ սկսվել էր «խմբագրվել» Շուշի քաղաքի պատմությունը՝ աստիճանաբար նվազեցնելով հայկական մշակութային և պատմական ժառանգության մասին հիշատակումները, իսկ հետո առհասարակ լռելով դրանց մասին:
2022 թվականին Ադրբեջանի կառավարությունը գումարներ էր հատկացրել օկուպացված Շուշի քաղաքի նախկին ռեալական ուսումնարանի շենքի վերականգնման համար:
«Դատելով վերջին լուսանկարներից՝ շինությունը ներառվել է երկաթե ծածկի տակ»,- հայտնում է Monument watch-ը:
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող մասնագետները մտավախություն ունեն, որ վերականգնման աշխատանքների ժամանակ կարող է միտումնավոր ջնջվել գլխավոր ճակատի վրա շենքը կառուցող Գրիգոր Առաքելյանի մասին արձանագրությունը:
«Մտավախությունը հիմնվում է այն իրողության վրա, որ պաշտոնական Ադրբեջանն աշխատում է վերջնականապես ջնջել Շուշիի հայկականության բոլոր հետքերը, ինչի վառ ապացույցն է քաղաքի խորհրդանիշ երկու եկեղեցու՝ Ղազանչեցոց տաճարի և Կանաչ ժամի «ռեստավրացիան», հայկական պատմական գերեզմանոցների վերջնական ավերումը և այլն»,- նշում են նրանք:
Շուշի քաղաքի ռեալական ուսումնարանը հիմնադրվել է 1881 թվականին, ուսումնարանի ներկայիս շենքը կառուցվել է 1901-1908 թվականներին շուշեցի մեծահարուստ նավթարդյունաբերող Գրիգոր Մարտինի Առաքելյանի (Առաքելով) միջոցներով, ինչի մասին է վկայում գլխավոր ճակատի վրայի ռուսերեն արձանագրությունը:
1992 թվականին շենքը տուժել է քաղաքի ազատագրման համար մղվող ռազմական գործողությունների ժամանակ: Ցավոք, երկար տարիներ Արցախի իշխանությունները հնարավորություն չեն ունեցել վերականգնելու շենքը, իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմը կանգնեցրել էր այս ուղղությամբ նախատեսվող աշխատանքների մեկնարկը:
2021-ին Ադրբեջանի իշխանություններն ամբողջությամբ ավերել էին Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին: 2022թ. նոյեմբերին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել էր, որ Շուշին զավթելու, նրա հայկականությունն աղավաղելու և այն ադրբեջանական ներկայացնելու ուղղությամբ Ադրբեջանը գործել է մշտապես։ «Դա է պատճառը, որ դեռ պատերազմի օրերին երկու անգամ դիտավորյալ թիրախավորվել է Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, հրադադարից հետո շարունակաբար պղծվել են Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին և Շուշիում գտնվող բազմաթիվ հայկական մշակութային արժեքներ։ Ադրբեջանը շարունակաբար ավերում է քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները, տները, բազմաբնակարան շենքերը»,- նշել էր նա։