Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում գտնվող Շալվայի 17-18-րդ դարերի սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին Ադրբեջանը ներկայացնում է որպես աղվանական, հայտնում է «Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն» ՀԿ-ն:
ՀԿ-ն ահազանգում է, որ ապրիլի 12-ին ադրբեջանական ֆեյսբուքյան հարթակներից մեկում հրապարակված մի լուսանկարում կից ադրբեջաներեն գրությամբ եկեղեցին որպես աղվանական են ներկայացնում:
«Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է բռնազավթված Արցախի մշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման քաղաքականությունը»,- նշում է ՀԿ-ն։
Շալվա գյուղը գտնվում է Բերձորից 53 կմ հյուսիս՝ Հակարի գետի Շալվա վտակի ափին։ Գյուղի հարավային հատվածում է գտնվում 17-18-րդ դարերի եկեղեցին:
Ադրբեջանն Արցախում գտնվող մշակութային ժառանգության բոլոր շերտերը փորձում է «աղվանականացնել», ահազանգել էր Monument watch-ը:
Ապրիլին Ադրբեջանն Արցախի Քաշաթաղի շրջանի հայկական Զորախաչ եկեղեցին անվանել էր «աղվանական»։ Հուվարին ադրբեջանցիները վանդալիզմի էին ենթարկել Հադրութի Սպիտակ խաչ վանքը՝ այնտեղ «աղվանական ծեսեր» անցկացնելով: 2023թ. դեկտեմբերին Ադրբեջանը հայտարարել էր Հադրութի Սբ. Հարություն եկեղեցին որպես աղվանական թանգարան վերակառուցելու մասին: Ադրբեջանցիները փորձում են աղվանականցնել նաև Ամարասի վանքը, Տողի մելիքական ապարանքը:
2023թ. հոկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացման և մշակութային ցեղասպանության սպառնալիքի մասին՝ ի դեմս միջազգային հանրության անգործության: Նոյեմբերի 9-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ էր արել առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ պաշտպանելու հայկական մշակութային ժառանգությունը։