Ադրբեջանը ծրագրում է «վերացնել հայերի ներկայության հետքերը» Լեռնային Ղարաբաղում, Gazeta.ru-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
Նա նշել է, որ ռուս խաղաղապահների ներկայությունն այնտեղ երկու երկրների միջև բախման պատճառ կդառնա։ Պետդումայի ներկայացուցիչը ներկա պայմաններում «բնական» է անվանել ռուս խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։ Նա կարծում է, որ այս որոշման վրա ազդել է երկու հանգամանք։
«Առաջին հանգամանքն այն է, որ Հայաստանի իշխանությունը ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս և այդ պահից այն ամենը, ինչ կատարվում է Ղարաբաղի տարածքում, դարձավ Ռուսաստանի և Ադրբեջանի քննարկման թեմա՝ առանց Հայաստանի մասնակցության։
Երկրորդն այն է, որ 2023 թվականին Ադրբեջանն սկսեց հարձակման երկրորդ ալիքը և գրավեց Լեռնային Ղարաբաղը, իսկ հայ բնակչությունն ամբողջությամբ լքեց իր տարածքը, պարզապես այնտեղ չմնաց։ Ըստ այդմ՝ սրա հետ կապված ռուս խաղաղապահների այնտեղ գտնվելու անհրաժեշտությունն սկսեց մոտենալ զրոյի»,- պարզաբանել է նա։
Զատուլինի խոսքով՝ խաղաղապահները կարող են մնալ այնտեղ հայ բնակչության որոշ մասի՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու դեպքում կամ երաշխավորել հայկական ունեցվածքի, մշակութային պատմական հուշարձանների, այդ թվում՝ համաշխարհային պատմական նշանակության հուշարձանների պահպանությունը։
«Սակայն, այս դեպքում, դա ամբողջովին կախված կլինի հենց Ադրբեջանի բարի կամքից, նրա ցանկությունից՝ ցույց տալ իր բաց լինելն այս հարցում և նրա ցանկությունից, որ վկաներ լինեն, թե ինչ է նա պատրաստվում անել հետագայում Ղարաբաղի տարածքում»,- ասել է Զատուլինը։
Խորհրդարանականը կարծում է, որ Բաքուն պատրաստվում է ամբողջությամբ վերացնել հայերի հետքերը Լեռնային Ղարաբաղում։
«Այս իրավիճակում ռուս խաղաղապահները հակամարտության պատճառ դարձան. եթե նրանք սկսեին բողոքել դրա դեմ, դա խնդիրներ կստեղծեր Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում»,- հավելել է նա։
Պատգամավորի խոսքով՝ խաղաղապահների դուրսբերումից հետո Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմ սկսելու պատճառներ չկան։
«Ինչպիսի՞ պատերազմ կարող է լինել։ Պատերազմ կարող է լինել, եթե Հայաստանում մարդիկ գան իշխանության և դադարեն զիջել Հայաստանի տարածքը և հայկական ազգային շահերը, Ադրբեջանը սրա հետ չի համաձայնվի։ Բայց այսօրվա իրավիճակում ես չեմ տեսնում Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմի հեռանկար՝ կապված ռուս խաղաղապահների հետ։ Այնտեղ հայեր չեն մնացել»,- եզրափակել է Զատուլինը։
Ապրիլի 16-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարել էին Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման մեկնարկի մասին։ Նրանց խոսքով՝ խաղաղապահները լքել են Դադիվանքի հայկական վանական համալիրի տարածքը։ Ապրիլի 17-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման սկիզբը։